ԵՏՄ-ին անդամակցությունը կվնասի հայրենի գործարարների գրպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոգեւորված հայտարարում է, թե Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը գործարարների համար նոր հեռանկարներ է բացում, վերջիններս հավատացնում են, որ իրականությունը բոլորովին այլ է: Գյուղնախարարի համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո կավելացվեն արտահանման ծավալները դեպի Ռուսաստանի Դաշնություն, նաեւ՝ կամրապնդվեն գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ: Սակայն տեղական արտադրողները հակառակն են պնդում: Նրանցից, օրինակ, «Չանախ» ընկերության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք նույնիսկ փոքրացնելու են իրենց արտադրության ծավալները:

ԵՏՄ-ի առավելությունների շարքում նշվում են դեպի ռուսական շուկա արտահանման լայն հնարավորությունները, հատկապես այն ապրանքատեսակների մասով, որոնց ներմուծումը «պատժամիջոցային պատերազմի» արդյունքում կասեցված է ՌԴ: Մեր Կառավարությունը վերջին շրջանում գործարարներին խոստանում է, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում նրանց համար կստեղծվեն արտահանման լայն հնարավորություններ: Սակայն գործարարների հետ զրուցելիս հակառակ տպավորությունն է ստեղծվում:

«Ժողովուրդ»-ը փորձեց մի շարք տեղական արտադրողներից հետաքրքրվել, թե ինչ են նախատեսում արտահանել ռուսական շուկա կամ արդյոք պատրաստ են իրենց արտադրանքը վաճառքի հանել դրսում:

Այս հարցերի շուրջ նախ զրուցեցինք կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանի հետ, ով այնքան էլ մեծ հույսեր չի կապում ԵՏՄ-ի հետ:

«Մեր ընկերությունը պատրաստ չէ իր արտադրության ծավալները մեծացնել, քիչ ենք արտադրում: Մենք պատրաստված չենք ռուսական շուկայի համար: Չենք կարող: Նախապատրաստվել է պետք»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Բունիաթյանը:
Գործարարի խոսքով՝ ռուսական շուկա արտադրանք արտահանելու համար նախեւառաջ պետք է լուրջ ներդրումներ անել, ինչն այսօր ընկերությունն ուղղակի չի կարող: «Ընկերության մեքենայացումը պետք է բարձրացնել, իսկ մենք այդքան մեքենայացված չենք: Մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք մինչ օրս»,- նշեց Բունիաթյանը:

Այնուամենայնիվ, ընկերության սեփականատիրոջից հետաքրքրվեցինք` ներդրումների առկայության դեպքում պատրա՞ստ է ընդլայնել արտադրության ծավալները, ունի՞ համապատասխան հումք, տեխնիկական պատրաստվածություն, մասնագիտական աշխատուժ: Հարցին ի պատասխան՝ Բունիաթյանն ասաց. «Մենք հավանաբար կփոքրացնենք արտադրության ծավալները, քանի որ ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ: Դժվարություններ կան ե՛ւ ֆինանսի հետ կապված, ե՛ւ աշխատանքային ոճի: Ոչ ոք չի կարող օգնել»:

Իսկ, ահա, լավաշի արտադրությամբ զբաղվող «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդոված փոխանցեց, որ իր ընկերությունը պատրաստ է արտադրության ծավալները մեծացնել, սակայն չի ցանկանում: «Այստեղ չենք կարող, այս պատճառով էլ մենք մտադիր ենք մեր բիզնեսը տեղափոխել Ռուսաստան: Իմ արտադրությունը կտանեմ այստեղից: Նախկինում մեր արտադրամասում կար չորս հարյուր աշխատող, իսկ հիմա տասնհինգն են»,- դառնացած նկատեց Հակոբյանը:

Պարզվեց, իրավիճակն ավելի բարվոք չէ նաեւ ձվարտադրության ոլորտում:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ ձու արտադրող ընկերություններն այս պահին պատրաստ չեն ձու արտահանել ռուսական շուկա: «Մենք դեռ ինքնաբավ չենք հավկիթի առումով: Մենք այս տվյալներով հիմա ձու չենք կարող արտահանել»,- նշեց Ստեփանյանը:

Իսկ, ահա, «Թամարա ֆրուտ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը նկատեց, որ ընկերության ծավալները մեծացվել են, եւ իրենք պատրաստ են արտադրանք արտահանել: Ավելին՝ ընկերությունն արդեն իսկ զբաղվում է արտահանմամբ, սակայն սկսել է հանդիպել լուրջ խնդիրների: «Ամեն ինչ կարգին է, բայց ռուբլու արժեզրկման մասով լուրջ խնդիր ունենք: Ես դոլարով եմ վաճառում, իսկ այնտեղ ռուբլով են վաճառում, այս պատճառով էլ ապրանքը հստակ գին չունի»,- փոխանցեց գործարարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս