Դոլարային խառնաշփոթը մի քանի օրվա խնդիր է. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամի տատանողականության դրսևորումը այսօրվա  մեր տնտեսական իրավիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նշեց, որ այսօր առկա են սպեկուլյատիվ երևույթներ, որոնց հետևանքները Կենտրոնական բանկն իր գործիքներով կարող է վերացնել:

«Համոզված եմ, որ ԿԲ-ի պահուստները, նրա ունեցած դրամային և դոլարային ծավալները, ինչպես նաև՝ մեր բանկերի մոտ եղած դոլարային ծավալը, թույլ է տալիս ասել, որ սա մի քանի օրվա խնդիր է, և ամեն ինչ կկարգավորվի: Նաև համոզված եմ, որ ռուսական կողմը գործիքներ կկիրառի»,-ասաց նա:

Այն հարցին, թե նախարարն ունի տեղեկություն այն մասին, որ ռուսական ընկերությունները կանխիկ դոլար են գնել Հայաստանից, պատասխանեց, որ տեղյակ չէ նման բանից, իսկ հետո հավելեց. «Եթե որևէ տեղ իրենց ազգային արժույթն ավելի անկայուն է, ոչ մի գործարար չի ձգտի իր ունեցած արժույթը տեղափոխել այլ տարածք՝ ավելի անկայուն: Եթե ասեիք՝ որևէ այլ տեղից են գնել, գուցե հավատայի»:

«Այս տատանումներն առաջին հերթին իրենց ազդեցությունը թողնում են ՌԴ-ի տնտեսության վրա, ինչն ազդում է գործընկեր բոլոր երկրների, այդ թվում՝ և Հայաստանի վրա: Մեր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ ընդհանուրի 28%-ն է կազմում՝ այս տարվա առաջին 10 ամիսների ցուցանիշով: Կարող եմ մի շատ կարևոր առավելություն նշել. ավանդաբար մեր խոշոր գործընկերներ հանդիսացող երկրները ԱՊՀ ու եվրոպական երկրներն էին», – հավելեց նա:




Լրահոս