ՀԱՐՑ. Բնակվում եմ Աշտարակում, նոր աշխատանք եմ գտել. պետք է նյութեր թարգմանեմ Երեւանում գործող մի ընկերության համար: Աշխատավարձս «Ամերիաբանկ»-ի քարտի միջոցով են փոխանցելու, ուզում եմ իմանալ, թե որքան ժամանակում է քարտային հաշվին մուտքագրված գումարը հասանելի դառնում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քարտային փոխանցումները հասանելի են լինում միջինում 3-5 րոպեների ընթացքում (եթե լինում են խնդիրներ պրոցեսինգային կենտրոնում, կարող է տեւել մինչեւ մի քանի ժամ, սակայն այդ դեպքում www.arca.am կայքում հաճախորդը կնախազգուշացվի): Կանխիկով եւ փոխանցումով մուտքերը քարտային հաշվին, որոնք կատարվել եւ հաստատվել են բանկում մինչեւ տվյալ աշխատանքային օրվա 09:30-ը, քարտի վրա հասանելի կլինեն մինչեւ նույն օրվա ժամը 12:00-ն, իսկ այն մուտքերը, որոնք կատարվել եւ հաստատվել են բանկում մինչեւ տվյալ աշխատանքային օրվա 16:30-ը, քարտի վրա հասանելի կլինեն մինչեւ նույն օրվա ժամը 18:00-ն: Բացառություն է կազմում միայն յուրաքանչյուր ամսվա 1-ը, երբ կախված մուտքերի քանակից՝ ակտիվացման գործընթացը կարող է երկարել 1-3 ժամով:
Հնարավոր է նաեւ քարտին մուտքագրված գումարի շտապ ակտիվացման ծառայություն, որի դեպքում մուտքագրված գումարը հասանելի է դառնում հաճախորդի քարտին մեկ ժամվա ընթացքում: Ծառայության դիմաց գանձվում է միջնորդավճար՝ բանկի սակագներով սահմանված չափով:
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկային ժամանակակից ծառայությունները զգալիորեն կրճատում են գործատուի եւ աշխատակցի միջեւ առկա տեխնիկական խնդիրները: Տվյալ դեպքում հնարավոր է, որ աշխատանքը պայմանագրային լինի, ու դրա արդյունքում՝ վարձատրությունն այնքան ցածր, որ աշխատակիցը իրեն հասանելիքը ստանալու համար նույն չափի գումար ծախսի: Բանկային ծառայությունները, իհարկե, անվճար չեն, բայց եւ դրանց միջնորդավճարները այնքան բարձր էլ չեն, որ նախընտրելի չհամարվեն: