Է՛, ԹՈՂ ՃՆՇԵՆ, ՃՆՇՈՒՄ Է ԷԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամուսի գյուղապետ ԲՀԿ-ական Հրայր Նիկողոսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. դեռ ուրբաթ օրը ահազանգ եղավ, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում գյուղապետարանում, նաեւ՝ անձամբ գյուղապետի տանը: Կատարվածի մասին զրուցեցինք պարոն Նիկողոսյանի հետ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը:
-Ստուգումներ են անում՝ խոշոր չափերի չարաշահումների հետ կապված: Գյուղապետի տեղակալին, որը նաեւ դպրոցում է աշխատում, կապում են դպրոցում երեխայի մահվան հետ: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունենում: Ամեն ինչի հետ կապվում է:
-Իսկ անձամբ Ձեզ ուղղված մեղադրանքներ կա՞ն:
-Անձամբ ինձ՝ ո՛չ: Գյուղապետի տեղակալին են մեղադրում:
-Այդ դեպքում ինչո՞ւ են նաեւ Ձեզ խուզարկել:
-Գյուղապետի տեղակալի դեմ է քրեական գործը, նա նաեւ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում՝ համատեղության կարգով:
-Հնարավո՞ր է՝ Ձեր կուսակցական պատկանելության՝ ԲՀԿ-ական լինելու պատճառով է այս ամենը:
-Ա՛յ ցավդ տանեմ, ես չգիտեմ: Կարող է եւ խաղացել է: Չգիտեմ:
-Կարո՞ղ է ճնշումների արդյունքում ԲՀԿ-ից դուրս գաք:
-Ե՞ս: Չէ՛, այդ մեկը հաստատ չէ՛:
-Գուցե առաջիկայում նման պայման դրեն Ձեր առաջ:
-Ո՞վ իրավունք ունի նման պայման դնելու: Ես այս կուսակցության մեջ եմ ստեղծման օրվանից,  ինչո՞ւ պետք է դուրս գամ կուսակցությունից: Ի՞նչ է տեղի ունեցել, որ նման բան տեղի ունենա:
-Դե ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել:
-(ծիծաղում է-Ա.Գ.)… Է՛, թող ճնշեն, ճնշում է էլի՛, մարդը չի՞ կարող դիմանալ ճնշումներին, կարող է:
-Այսօր էլ (երեկ-Ա.Գ.) Օսկանյանին էին հրավիրել ԱԱԾ՝ փողերի լվացման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
-Ես չգիտեմ, տեղյակ չեմ: Հնարավոր է: Չգիտեմ:
-Ասում են՝ կոալիցիա չմտնելուց բացի, ՀՀԿ-ին զայրացրել է այն, որ հնարավոր է՝ ԲՀԿ-ն 2013թ. ընտրություններում չսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ու հիմա Ս. Սարգսյանը փորձում է նման մեթոդներով խոստում կորզել:
-Կարող է, հնարավոր է: Ամեն ինչ էլ սպասելի է: Երկիր է, երկիր:
-Այս քրեական գործն ի՞նչ ճակատագրի կարժանանա:
-Ես չգիտեմ: Չգիտեմ՝ ինչ է հետապնդում այս գործը, ինչ է կատարվում: Ես ոչ մի մանրամասնությունից տեղյակ չեմ, ինձ չեն ասել: Ասել են, որ դատարանի որոշում կա, համապատասխան մասնագետները ստուգումների պիտի գան, անեն, ասել եմ՝ թող գան, անեն: Մենք իրավունք չունենք թույլ չտալ:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս