ՀԱԿ-Ը ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության լրատվական ծառայությունը երեկ մեկնաբանել է, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր չի ուղարկել Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցությանը`  կառավարության ծրագիրը քննարկելու համար: «Քանի որ ՀԱԿ-ը, միեւնույն է, դեմ է քվեարկելու ծրագրին, այն «ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ»,-նշված է հաղորդագրության մեջ: ՀԱԿ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, ասաց.
-Նման բան չկա: Ես մի քանի օր առաջ ասել եմ, որ եթե լավ ծրագիր լինի, ապա կողմ կքվեարկեմ: Իմ կարծիքով՝ կառավարության որոշումը մեզ հետ չհանդիպելու մասով գալիս է մասնագիտական վախից:
-Բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ըստ կառավարության լրատվական ծառայության, հայտարարել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու ԱԺ ներկայացվելիք ծրագրին:
-ՀԱԿ խմբակցությունը կոնկրետ որոշում չի ընդունել կառավարության ծրագրին քվեարկելու վերաբերյալ: Ես չգիտեմ՝ նման բան ասվել է, թե ոչ: Կամ եթե ասվել է, ապա ինչ կոնտեքստով: Հակառակը, մենք պրոֆեսիոնալ, լուրջ հակահարված ենք տալու ծրագրին: Եթե լավը լինի, ես կընդունեմ լավը: Մենք ԱԺՄ չենք, մեզանից որեւէ մեկն էլ Արշակ Սադոյան չէ: Մեր խոսակցությունը կառավարության հետ լինելու է մասնագիտական ամենաբարձր մակարդակով: Այսպիսի շանս ՀԱԿ-ը չպետք է բաց թողնի:




Լրահոս