ԱՎՏՈԵՐԹ՝ ԴԵՊԻ ԲԱՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ  տանող բոլոր ճանապարհները փետրվարի 10-ի առավոտյան փակվեցին: Ընդհանուր առմամբ, Գյումրի քաղաքում վաղ առավոտից ոստիկանական այնպիսի ներուժ  էր շրջում, որ հնարավոր  բոլոր ակցիաները կարողանային ժամանակին խեղդել: Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներին ճանապարհներին կանգնեցնում էին եւ  արգելում առաջ  շարժվել: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները գյումրեցի ոստիկաններին սկսեցին բացատրել, որ եթե արգելում են մեքենաներին  անցնել փողոցը` խախտում են քաղաքացու  ազատ տեղաշարժվելու  սահմանադրական իրավունքը եւ որ  ոստիկանն իր այդ գործողություններով չարաշահում է պաշտոնական դիրքը: Վերջիններս  անդրդվելի էին ու չնայած  դրան, պատգամավորներին հաջողվեց գլխավորելով ավտոերթը՝  հաղթահարել ոստիկանական  պատնեշն  ու շարժվել դեպի Բավրայի անցակետ: Ակցիային մասնակցում էր վրացական պետհամարանիշով ավելի քան 250 մեքենա: Ավտոերթին միացան նաեւ ՀԱԿ Գյումրիի ներկայացուցիչները, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Բավրայի մաքսային կետը կարճ ժամանակ անց վերածվեց հանրահավաքային  հարթակի:  Ելույթ ունեցան եւ՛ վարորդները, եւ՛ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր արձագանքել էին գյումրեցի վարորդների դժգոհությանը: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հավաքվածներին ներկայացրեց, թե կառավարության նիստի ժամանակ  ի՞նչ տեսակետ են հայտնել գործադիր մարմնի ներկայացուցիչները. « Գրպաններում փող կա, թող վճարեն: Բառացի պատասխանը եղել է սա: Ասում են, մենք գիտենք, որ այդ  ավտոմեքենաների կեսը բավականին թանկարժեք մեքենաներ են: Թե ի՞նչ գործ ունի ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացու գրպանում, էն գրպանում, որը լցնելու գործին երբեւէ չի մասնակցել, սա արդեն մեզ համար լուրջ խնդիր է»:Վարորդներից մեկն էլ առաջարկեց իր «թանկարժեք» մեքենան փոխել կառավարության ներկայացուցիչներից մեկի մեքենայի հետ: Հիշեցնենք, որ մաքսակետերից են վարորդներին զգուշացրել, որ  15 օրվա ընթացքում մաքսազերծեն մեքենան Հայաստանում: Ակցիայի մասնակիցները մաքսային կետի ղեկավարին տվեցին կես ժամ  ժամանակ, որպեսզի վերջինս որեւէ հուսադրող պատասխան ստանա  վերեւներից եւ հայտնի իրենց, սակայն Բավրայի մաքսակետի աշխատակիցները հայտնեցին, որ  որեւէ  բանով օգնել չեն   կարող եւ  որ  այդ  հարցում իրենք  իրավասու էլ չեն:  Վարորդները   որոշեցին փակել Բավրայի ճանապարհը: Ոստիկանները դարձյալ հորդորեցին  նման քայլի չգնալ, պետական նշանակության ճանապարհը  չփակել, փոխարենը Գյումրիում շարունակել բողոքի ակցիան` խոստանալով, որ եթե հանրահավաք անցկացնեն Թատերական հրապարակի դիմաց, իրենք չեն խանգարի:  Նշենք, որ հանրահավաքի փոխարեն Վ.Աճեմյանի անվան թատրոնի դիմաց վարորդները կազմակերպեցին հանգանակություն՝ «աղքատ» եւ գրպանահատ իշխանություններին աջակցելու նպատակով յուրաքանչյուրը կարեցածի չափով գումար գցեց տոպրակի մեջ: Պատգամավորները այն երեւի հասցնեն Երեւան՝ հասցեատերերին: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս