ԱՂՋԻԿ` ՉՈԲԱՆ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 27-ամյա հովիվ Բայանդուր Սահակյանը, չնայած վեցամյա կրթությանը, բայց ոչխարից այնքան է հասկացել, որ երկփուլ մի «գործարքից» 10.000 դրամ է աշխատել, ու հայտնի չէ, թե քանի հազար դրամանոց մի մարմնավաճառի ծառայությունից 30.000 դրամով օգտվել:  
Բայանդուրը 2011թ. հուլիս ամսից բանավոր պայմանավորվել է Նոր-Հաճն քաղաքի բնակիչ Խաչիկ Վարդանյանի հետ՝ պահել վերջինիս պատկանող շուրջ 350 գլուխ մանր եղջերավոր անասունները` յուրաքանչյուր անասունի պահելու համար ամսական ստանալով 750 դրամ գումար: Մեկ ամիս անց՝  օգոստոսի 20-ից մինչեւ 31-ն ընկած ժամանակահատվածում, Բայանդուրը նախնական համաձայնության է եկել գործով չպարզված անձանց հետ եւ Խաչիկի 26 ոչխարները հափշտակել ու փոխանակել է ինչ-որ անձանց պատկանող նույնքան ոչխարների հետ:
Սեպտեմբերի 9-ին, երբ Խաչիկը գնացել է սար, Բայանդուրը նրան ասել է, որ մի գառան ականջի կնիքը պոկվել է: Բայց երբ Խաչիկն ու նրա ընկեր Արսենն անցել են ոչխարի հոտի միջով, տեսել են, որ հոտում «պլոմբազրկված» այլ ոչխարներ էլ կան: Խաչիկը, հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, փորձել է Բայանդուրից պարզել, թե ինչու են  որոշ ոչխարներ «պլոմբազրկված»: Բայանդուրը պատասխանել է, որ 26 ոչխարներ փոխանակել է իրեն անծանոթ մի պարսիկի հետ, բայց Խաչիկը չի հավատացել եւ բացատրել է, որ հնարավոր չէ պարսիկի հետ փոխանակել, քանի որ պարսիկի բեռնատարի թափքը կնիքված է լինում, եւ մինչեւ այն տեղ չհասնի, կնիքը չեն պոկի:
Բայանդուրը, հասկանալով, որ չի կարողանում համոզել Խաչիկին, խոսքը փոխել եւ ասել է, որ մի եզդու ոչխարների հետ է փոխանակել, ապա Լեռնակերտ գյուղի բնակիչ Ֆեդյայի անունն է տվել ու նրա ոչխարների մասին  հիշատակել: Ոչխարատերը պարզել է, որ այդ պատմություններն էլ են սուտ: Այդ ժամանակ Բայանդուրը Խաչիկին ասել է, որ ոչխարները փոխանակել է Մարտունի քաղաքի բնակիչ Գարսեւան Գասպարյանի հետ: Խաչիկն այս վարկածն էլ է ստուգել. զանգահարել է Գարսեւանի հորեղբայր Հովիկ Գասպարյանին եւ խնդրել Գարսեւանի հետ գալ` նշյալ հարցը պարզաբանելու:
Հովիկն ու Գարսեւանը միասին գնացել են պարզաբանման. նրանց եւ Խաչիկի ներկայությամբ Բայանդուրը հայտնել է, որ ոչխարները Գարսեւանի սպառնալիքների տակ փոխանակել է: Պատմել է, թե իբր 2011թ. օգոստոսի 20-ին կամ 21-ին Գարսեւանը հանդիպել է իրեն եւ առաջարկել փոխանակել 4 ոչխարներ, եւ երբ ինքը մերժել է, Գարսեւանն իբր սպառնացել է, թե կսպանի, տունն էլ կվառի, ինչից ինքը վախեցել է եւ համաձայնել: Նույն օրը` գիշերը, Գարսեւանն իր «ԳԱԶ 52-04» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գեղհովիտ գյուղի «Համալիր» կոչվող տարածք, որտեղ բեռնատարի թափքից իջեցրել է 4 ոչխար եւ փոխանակել  Խաչիկի 4 լավ ոչխարների հետ: Այդ «գործարքից» հետո Գարսեւանը, Բայանդուրի ասելով, նրան տվել է 10.000 դրամ եւ ոչխարները տարել:
Դրանից 10 օր անց, ըստ Բայանդուրի, երբ ինքը սարում է եղել, իրենից 300 մետր հեռավորության վրա կանգնել է սպիտակ «ՆԻՎԱ» մակնիշի մուգ ապակիներով ավտոմեքենա, որից իջել եւ իրեն է մոտեցել Գարսեւանը եւ սպառնալով եւս 22 ոչխար փոխելու համաձայնություն կորզել: Եւ նույն օրը` գիշերը, իբր Գարսեւանը Մարտունի քաղաքի բնակիչ Աշոտ Խլոյանի հետ նույն բեռնատարով եկել է Գեղհովիտի «Համալիր»-ի տարածք եւ իրենց բերած 22 ոչխարները փոխանակել Խաչիկի լավ ոչխարների հետ ու բարձել բեռնատարը (պարզաբանման ժամանակ Խաչիկն է Բայանդուրին Գարսեւանի ձեռքից փրկել, որ չծեծի): Բեռնաբարձումն ավարտելուց հետո Գարսեւանը մեքենայից շշով օղի է բերել, խմել են, որից հետո Բայանդուրին տվել է 30.000 դրամ: Ու որպեսզի վերջինս այդ փողն «ափըռ-ցըփըռ» չծախսի, Գարսեւանի բեռնատարի խցիկից իջել, իրենց մոտ է եկել անծանոթ մի աղջիկ ու Բայանդուրի ականջին ասել` կուզե՞ս հետս սեքսով զբաղվես: Դե, Բայանդուրն էլ ուրախությունից չի երկմտել, համաձայնել է ու «գործի» անցել: Երբ վերջացրել է, աղջիկը Բայանդուրին ասել է, որ իր ծառայությունը ձրի չէ, 30.000 դրամ պիտի տա: Բայանդուրն էլ տվել է, ու «թաշախուստով հյուրերն» ավտոմեքենայով հեռացել են:
Նախաքննական մարմինը չի կարողացել պարզել, թե, ի վերջո, ում հետ է գործարքի մեջ մտել Բայանդուրը, եւ նրան մեղադրանք է առաջադրել ուրիշի ունեցվածքը յուրացնելու մեջ: Դատաքննության ժամանակ տուժող Խաչիկ Վարդանյանը հայտնել է նաեւ, որ ինքը ամբաստանյալից պահանջ չունի, որովհետեւ Գարսեւանն ու Աշոտ Խլոյանը հերքել են Բայանդուրի ասածը: Գարսեւանի մեքենայի թափքում փորձաքննությամբ ոչխարի բուրդ եւ արտաթորանքի հետքեր չեն հայտնաբերվել, բայց պարզվել է, որ Խաչիկ Վարդանյանի 26 գլուխ ոչխարների փոխանակման հետեւանքով ոչխարների քաշերի տարբերությունը կազմել է 540.8 կգ: Այսինքն` Խաչիկը մոտ 400.000 դրամի վնաս է կրել:
Առաջին ատյանի դատարանը որոշել է Բայանդուր Սահակյանին քր.օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել նույն հոդվածի 1-ին մասով, քրգործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը: Դատարանը վերացրել է Բայանդուրի նկատմամբ ընտրված կալանքը եւ նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել եւ պահանջել նշանակել առաջադրված մեղադրանքի 2-րդ մասով նախատեսված ավելի խիստ պատիժ:

 ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս