ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն 5 տարի 30 համարի երթուղայինով եմ գնում դասի: Այս ընթացքում որեւէ խնդիր չի եղել, բայց վերջին շաբաթվա ընթացքում 30 համարի  գազելները սկսել են շատ ուշ-ուշ անցնել: Ստիպված եմ լինում կանգառում 25-ից 40 րոպե սպասել: Ինչո՞վ են պայմանավորված այդ ուշացումները:

Անի Սողոմոնյան, 22 տարեկան, լեզվաբան


ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների մրցույթների անցկացման ժամանակացույցի համաձայն՝  ս/թ հունիսի 7-ին կայացել է միկրոավտոբուսային համար 30 երթուղու մրցույթը: Մրցույթի նախապատրաստական աշխատանքների հետ կապված` վերջին շաբաթվա ընթացքում առանձին օրերին երթուղի է դուրս բերվել սահմանվածից քիչ քանակի շարժակազմ, որի արդյունքում մեծացել են շարժման միջակայքերը, եւ երթուղին սպասարկվել է անկանոն: Այժմ երթուղու աշխատանքը կարգավորվել է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Դավթաշեն թաղամասի կապն ուսանողական թաղամասերի հետ ներկայում ապահովվում է նաեւ ավտոբուսային համար 65 երթուղու (Դավթաշեն-Նորագավիթ) միջոցով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մրցույթը չպետք է նպաստեր երթուղայինների թվի շեշտակի նվազմանը: Եթե նշված ժամանակահատվածում տրանսպորտային դեֆիցիտ պետք է առաջանար, ապա նախապես ինչ-որ տարբերակ էր պետք առաջադրել` մարդկանց կիզիչ արեւի տակ չթողնելու համար:




Լրահոս