ՕԵԿ-ում տեւական խմորումների արդյունքում նախօրեին ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել երիտասարդ ՕԵԿ-ականներ Դավիթ Կարապետյանը, Նելսոն Զուրոյանն ու Դիանա Գազիյանը, ինչից հետո ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր է դարձել Հովհաննես Մարգարյանը:
Կատարվածն ուշագրավ է այն առումով, որ ինքնաբացարկ ներկայացրած երեք երիտասարդները Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ Միշիկի ընկերներն են: Նույնիսկ խոսվում էր, որ նրանց անձամբ Մինասյանն է ԱԺ ընտրություններից որոշ ժամանակ առաջ գործուղել ՕԵԿ՝ պատգամավոր դառնալու համար: Բայց քանի որ այս կուսակցությունը հազիվ էր հաղթահարել ԱԺ անցնելու նվազագույն շեմը, Մինասյանի ընկերներին չհաջողվեց միանգամից դառնալ պատգամավոր: ԱԺ ընտրություններից անմիջապես հետո լուրեր շրջանառվեցին, որ նրանց առաջարկել էին դառնալ փոխնախարար, սակայն Կարապետյանն ու Զուրոյանը չէին համաձայնել: Դրանից հետո նույնիսկ խոսվում էր ՕԵԿ-ից նրանց դուրս գալու մասին: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրանք ՕԵԿ-ում են պետք:
Եւ ահա երեկ պարզ դարձավ, որ ՕԵԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ Դավիթ Կարապետյանն ու Նելսոն Զուրոյանը դառնալու են փոխնախարար: Առայժմ, սակայն, հստակ չէ, թե նրանք կոնկրետ որ նախարարությունում են աշխատելու: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ՕԵԿ երեկվա քաղխորհրդի նիստը շատ կարճ է տեւել՝ 10 րոպե: Նիստին ներկա են եղել ՕԵԿ նախարարներն ու պատգամավորները: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է երեք ՕԵԿ-ականների ինքնաբացարկի որոշման մասին, շնորհակալություն հայտնել այդ երիտասարդներին՝ իրենց տեղը Հովհաննես Մարգարյանին զիջելու համար, նաեւ ասել, որ Կարապետյանն ու Զուրոյանը դառնալու են փոխնախարար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, ՕԵԿ-ում այս որոշումն այնքան էլ հեշտ չի կայացվել: Մի խումբ ՕԵԿ-ականներ պարբերաբար դժգոհել են Արթուր Բաղդասարյանին՝ ասելով, որ նա անտեսում է հին ՕԵԿ-ականներին, փոխարենը պատգամավոր դարձնում ընդամենը վերջերս ՕԵԿ անդամ դարձածներին: Այս թեման այնքան է քննարկվել կուսակցության ներսում, որ նախօրեի երեկոյան Բաղդասարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, ներկայացրել իրավիճակը, խնդրել լուծման ուղիներ մատնանշել: Ս. Սարգսյանն էլ առաջարկել է համոզել երիտասարդներին՝ համաձայնել դառնալ փոխնախարար: Ի վերջո, հաջողվել է այս հարցը գլուխ բերել ու երիտասարդ ՕԵԿ-ականներին համոզել ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Դավիթ Կարապետյանից ու Նելսոն Զուրոյանից, սակայն նրանցից ոչ մեկը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Բայց մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երիտասարդներն ասել են, թե իրենք գերադասում են կոնկրետ ոլորտի պատասխանատու լինել, քան մեկ պատգամավորական կոճակ ունենալ:
ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով: Բանն այն է, որ ըստ էության՝ Արթուր Բաղդասարյանը հաղթած դուրս եկավ Սերժ Սարգսյանի փեսայի հետ հեռակա հակամարտության արդյունքում, եւ ՕԵԿ ցուցակով պատգամավոր դարձան ոչ թե Մինասյանի ընկերները, այլ նրանք, ում ցանկանում էր Բաղդասարյանը: Եւ սա այն դեպքում, երբ Մինասյանը համարվել է այն գորշ կարդինալը, որի խոսքը մշտապես եղել է որոշիչ:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. կառավարությունում ՕԵԿ-ը ներկայացնում են մարդիկ, որոնք իրականում որեւէ առնչություն չունեն ՕԵԿ-ի հետ. Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը որեւէ կերպ չեն կարող ընկալվել որպես ՕԵԿ-ականներ, քանի որ նախարար դառնալու ժամանակ են անդամագրվել այդ կուսակցությանը: Նրանք ընդամենը ձեւականորեն են ՕԵԿ անդամ, իրականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մարդիկ են: Իսկ սա նշանակում է, որ ՕԵԿ ներկայությունն իշխանության կազմում ընդամենը ձեւական է. իրականում հիմա ՕԵԿ-ն ունի 5 պատգամավոր (մեծամասնական ընտրակարգով ընտրված Կարեն Բոթոյանը եւս համարվում է ՀՀԿ-ի մարդը) եւ ԱԱԽՔ պաշտոնը, իսկ նախարարներն ու փոխնախարարներն այդ կուսակցության հետ առնչություն ունեն ճիշտ այնքան ժամանակ, որքան կցանկանա Ս. Սարգսյանը:
ՕԵԿ-Ն ՈՒՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ՄԱՆԴԱՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ