ՄԱՍՍՈՎԿԱՆԵՐ՝ ԱԽՈՐԺԱԿԸ ԶՍՊԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Երեւանի երթուղային գծատերերը Երեւանի քաղաքապետարանի հետ միասին «մասսովկաներ» են կազմակերպում, թե իբր միկրոավտոբուսների վարորդները գազալցակայաններում գազի գների թանկացումների դեմ բողոքում են` պահանջելով տրանսպորտի սակագինը բարձրացնել: Քաղաքապետարանի պաշտոնյաններն էլ իբր ժողովրդի մասին մտածելով՝ մի կերպ վարորդներին համոզում են, որ երթուղի դուրս գան: Տեղեկացնենք, որ տարբեր հաշվարկների համաձայն, Երեւանում մեկ երթուղայինը օրական նվազագույնը 10 հազար դրամ «պլան» է վճարում: Մեկ երթուղում գործում է նվազագույնը 30 երթուղային տաքսի: Այսինքն՝ «գծատերի» օրական եկամուտը կազմում է առնվազն 300 հազար դրամ, իսկ ամսական՝ 9 միլիոն դրամ: Ինչպես հայտնի է՝ այդ «գծատերերը» օդից վերցրած անհայտ մարդիկ չեն, ոչ էլ ժամանակ առ ժամանակ ասուլիս անող եւ «տրանսպորտնիկ» ներկայացողներն են: «Գծատերերը» բոլորին հայտնի պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են` քաղաքապետ, նախարար, պատգամավոր եւ այսպես շարունակ: Գազալցակայաններն էլ անհայտ մարդկանց չեն պատկանում, օրինակ՝ Արարատի մարզում մի քանի գազալցակայաններ պատկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, «Մուլտի Լիոն» գազալցակայանները՝ նրա խնամուն` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Էրեբունի վարչական շրջանում գործող գազալցակայանները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին եւ այսպես շարունակ: Այսինքն՝ գծատերերը վարորդների մասնակցությամբ «մասսովկա» կազմակերպելու փոխարեն պարզապես կարող են երկուստեք պայմանավորվել եւ մի փոքր զսպել իրենց ախորժակը:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ խուճապի վերջին օրերին «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանները հրաժարվում են ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողների ավտոմեքենաները նրանց ներկայացրած կտրոններին համարժեք լիցքավորել: Սա այն դեպքում, երբ այդ կտրոնների համար ՀՀ ՊՆ-ն դեռեւս մեկ, իսկ որոշ դեպքերում էլ նաեւ՝ երկու ամիս առաջ է մատակարար ընկերությանը վճարել: Այսինքն՝ «Ֆլեշ» ընկերությունը, որ տարիներ շարունակ ՀՀ ՊՆ-ին եւ ոստիկանությանը բենզինով ապահովելու համար հայտարարված մրցույթներում հաղթում է, փաստացի հրաժարվում է իր պարտականությունների կատարումից: Ու սա այն դեպքում, երբ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Ֆլեշ» ՍՊԸ-ից: Սակայն մեր զրուցակիցը, որը ներկայացավ որպես ընկերության փոխտնօրեն, անգամ չցանկացավ հարցը մինչեւ վերջ լսել եւ «Հաջողություն ձեզ» ասելով՝ անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է, ով Սերժ Սարգսյանի հետ խաչքավոր է:

 

 

 

 

 

Այս կիրակի տեղի կունենա հերթական էլիտար հարսանիքը: Հայաստանի ղեկավար կազմն այս անգամ հավաքվելու է՝ նշելու ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդու հարսանեկան արարողությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն իր որդու հարսանիքը կանցկացնի «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, իսկ հարսանիքի քավորը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: Մեր տեղեկություններով՝ հանրապետականի ողջ ղեկավար կազմը հրավիրված է հարսանիքին, նրանց թվում նաեւ՝ ՀՀ Կառավարության անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Էդիկ Բարսեղյանին՝ Լոնդիկին: Վերջինս Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2010-ի հուլիսից մինչեւ անցած տարվա հոկտեմբերը: Մինչ մարզպետ նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը:

 

 

 

 

Պարզվում է՝ ՀՀ Կենտրոնական բանկը գտել է այն «սպեկուլյանտներին», որոնք նպաստել են դրամի արժեզրկմանը: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական հայտարարություններում, այդ թվում նաեւ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախորդ օրը տարածած հայտարարությունում, նշվում էր, որ ստեղծված իրավիճակն առավել վատթարացել է ինչ-որ անձանց կամ կազմակերպությունների կողմից կազմակերպված սպեկուլյացիայի հետեւանքով: Հայտնի է՝ նման ծավալի տնտեսական ցնցումներ առաջացնելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր: Հայաստանում նման գումարներ տնօրինող մարդիկ այդքան էլ շատ չեն, եւ բոլորն էլ ՀՀ ԿԲ-ին ու Կառավարությանը հայտնի են: Երեկ ՀՀ ԿԲ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ ներկայումս վարչական վարույթում կա 16 գործ: «Մենք կհրապարակենք բոլորի տվյալները, կան որոշակի օրենսդրական գործընթացներ, որոնք այժմ ընթանում են, ու այդ ամենի ավարտից հետո կհրապարակվեն»,-հայտնեցին Կենտրոնական բանկից:

 

 

 

 

ԱՍՈՒԼԻՍԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա՝ ամենամյա ասուլիսը թեեւ նախորդների նման բազմամարդ էր (մասնակցում էր 1.259 լրագրող), այնուամենայնիվ, պակաս տպավորիչ էր: Նախ` Պուտինի ցուցադրական ինքնավստահ եւ փոքր-ինչ քամահրական կեցվածքը բավականին անբնական էր դիտվում փլուզվող ռուսական տնտեսության, ռուբլու գահավիժման եւ խանութների դատարկ վաճառասեղանների ֆոնին: Որքան էլ որ նա հավաստիացրեց, թե երկրում այդ իրավիճակն ամենաշատը երկու տարուց հետո կկարգավորվի «պլուսով», այդուհանդերձ դա, մեղմ ասած, հավատարժան չթվաց. հարցերը վերադառնում էին նույն` տնտեսական թեմային:
Արեւմուտքի հասցեին հնչեցված մեղադրանքների (ընդ որում, որոշ դեպքերում միանշանակ արդարացի) ընթացքում Պուտինը որեւէ նոր բան չասաց, թերեւս բացի նրանից, որ այս ամենը ձեռնտու է բացառապես ԱՄՆ-ին, որն այս գործընթացում ոչ պակաս չափով թուլացնում է նաեւ նույն եվրամիության երկրներին: Այդուհետ տեղական կվաս արտադրողների եւ անձնական կյանքի մասին հարցադրումների արանքում Պուտինը ցանկացավ պատախանել Թուրքիան ներկայացնող լրագրողի հարցին, որին տրված պատասխանը երեկվա ասուլիսի ընթացքում, թերեւս, միակն էր, որն անուղղակիորեն, սակայն լրջորեն ածանցվում էր նաեւ Հայաստանի շահերին: Թուրքիայի նախագահի հասցեին հերթական դիֆերամբների չափաբաժնից, ապա Աթաթուրքի օրոք ռուս-թուրքական նախանձելի հարաբերությունների հիշատակումից հետո Պուտինը հայտարարեց. «Ռուսաստանն ու Թուրքիան բազմաթիվ համընկնումներ ունեն տարածաշրջանային շահերում: Առանց Թուրքիայի ցանկության եւ ակտիվ մասնակցության տարածաշրջանային խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով էլ մենք շատ ենք շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ»: Ավելորդ է նշել, որ նման հայտարարությամբ ՌԴ նախագահը, փաստորեն, ամրագրեց, որ առանց Թուրքիայի մասնակցության եւ համաձայնության չի կարող լուծվել նաեւ ղարաբաղյան հակամարտությունը. մի բան, որի մասին անվերջ հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը փոփոխելու մասին երազող Թուրքիան:
Երեկվա՝ երեք ժամանոց ասուլիսի ընթացքում Հայաստանին վերաբերող որեւէ այլ հարցադրում, ըստ էության, չեղավ (ԵՏՄ-ի մասին ստանդարտ հարցի ու ստանդարտ պատասխանի ընթացքում եւս Հայաստանի անունը չշոշափվեց), մինչդեռ, օրինակ, տարածաշրջանի երկրներից թե՛ Իրանը, թե՛ Թուրքիան, թե՛ Վրաստանը ներկայացնող լրագրողներին հնարավորություն տրվեց հնչեցնել իրենց հարցերը:
Հ.Գ. Պուտինի՝ նախորդ տարվա ասուլիսից տպավորված` նկատել էինք, որ ինչքան էլ Պուտինին քննադատենք, այդուամենայնիվ, ՀՀ-ում չկա նրա գոնե կեսի չափով պատրաստված պաշտոնյա, ով կարող է ժամեր շարունակ պատասխանել մի քանի տասնյակ լրագրողների բազմաբնույթ հարցերի: Օրեր անց հայտնի` երեքուկես ժամանոց մամլո ասուլիսով հանդես եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այն, ինչպես պարզվեց, ճակատագրական եղավ նրա համար:




Լրահոս