ՀՀԿ-Ն «ԳՐԱՎԵՑ ԲԱՍՏԻԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարեգրության մեջ, թերեւս, նոր էջ է սկսվում: Հայաստանում կազմավորվում է ունիտար՝ մեկ կուսակցության իշխանություն: Իհարկե ՀՀԿ-ն մինչ այդ էլ էր իշխանություն: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր, իշխանությունը Հայաստանում ձեւավորվում էր ՀՀԿ-ի շուրջ: Եվ իշխանությունը Հայաստանում միշտ էլ ունիտար է եղել, անկախ կոալիցիոն դեկորացիաներից: Իսկ որ կոալիցիաները դեկորացիա են եղել, այդ մասին ուղիղ տեքստով հայտարարեց նաեւ վերջին կոալիցիան վերջինը լքած ՕԵԿ-ը:
Իսկ որտեղի՞ց է սկսվում նոր էջը: Առաջին անգամ ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում մաս կազմել կառավարության: ՀՅԴ Գերագույն ժողովը նույնպես նախօրեին որոշեց մաս չկազմել իշխանական կոալիցիային: Մինչ այդ կոալիցիա մտնելուց հրաժարվել էր նաեւ ԲՀԿ-ն: Այսպիսով, Հայաստանում քաղաքական ուժերը հրաժարվում են իշխանություն ունենալուց: Ինչո՞ւ. բոյկոտո՞ւմ են ՀՀԿ-ին, թե՞ ՀՀԿ-ն այլեւս չի ցանկանում որեւէ «անաղուհացի» հետ կիսել իր իշխանությունը: Իսկ միգուցե նոր միայն եկավ ՀՀԿ-ի համար վաղուց սպասված բաղձալի պահը, եւ իշխանությունն իրենով անելով վերջակետ դրվեց ՀՀԿ առաջնորդի ասած «թիմակիցների տարակուսանքներին ու մտահոգություններին»:

 

 

 
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու լուրը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր դեռեւս ապրիլի 13-ին: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է: Նա դեռեւս վերջնական որոշում չունի եւ զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երբ հայտարարություններ էր անում մե՛կ ԵՄ-ի, մե՛կ ՄՄ-ի օգտին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախկին վարչապետը կարծես թե հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն` հաշվի առնելով ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը: Բացի այդ, հիշեցնենք, որ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով վերջերս շնորհակալական նամակ էր հղել նրան: Ի վերջո, Տ. Սարգսյանը ՌԴ-ում ապրել է ավելի քան 8 տարի:

 

 

 

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պարզվում է, բավականին հարուստ մարդ է, իսկ ՀՀ-ում 35 տոկոս աղքատության ֆոնին` անգամ մեծահարուստ: ՀՀ-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում նշված է, որ նա ունի 6,5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար: Սակայն Հարությունյանը չի հայտարարագրել որեւէ անշարժ կամ շարժական գույք: Ու այդտեղից տրամաբանական հարց է առաջանում, թե ում բնակարանում է ապրում Դ. Հարությունյանը: Հիշեցնենք միայն, որ վերջինիս անվան հետ էր կապվում էլիտար շենքերի կառուցմամբ զբաղվող հայտնի «Գլենդել Հիլզ» ընկերությունը: Սակայն դե յուրե Դ. Հարությունյանի եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է: Իսկ պարոն Հարությունյանի կինը` Ն. Մուրադյանը, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները գոյանում են ե՛ւ աշխատավարձից, ե՛ւ ստացված փոխառություններից:

 

 

 

 
ՀՀ պետգնումների ոլորտում հայտնի «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» օրինախախտ ընկերությունների տնօրեն Յուրի Ադյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իր ընկերությունների թույլ խախտումների մասին, հայտարարեց. «Առաջին անգամ Հանձնաժողովը 16 մլն դրամի չափով տուգանեց, երկրորդ անգամ՝ յուրաքանչյուր ընկերությանը՝ 15 մլն դրամով: Ուրեմն, տուգանողն այնքան պետք է չարությամբ լցված լինի, որ օրը ցերեկով 61 մլն դրամի չափով տուգանի: Մի հատ էլ ուզում են դատախազություն դիմել: Եթե դու ասում ես, որ Յուրայինն է, ու ոչ մի բանով չես ապացուցում, համոզված ես, որ նրանն է, այդքանով չես բավարարվում, մի հատ էլ դատախազություն ես դիմում: Հետո՞: Ոչնչացնո՞ւմ եք մարդուն: Բա ես գնամ փողոցում նստեմ, ձեռքս տնկեմ օդ ու մուրա՞մ: Քսան տարի է, ինչ ես այս դաշտում եմ: Նախկինում, որ ես մանկապարտեզներին իմ ուսերին շալակած պեսոկ էի տանում, այն ժամանակ այսպիսի մեծածախ գնումներով խանութներ չկային»:

 

 

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺԸ

ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն` 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով եւ կազմել ՀՆԱ-ի նկատմամբ 37.5%: Եթե հաշվի առնենք, որ խոսքը շուրջ 4,5 միլիարդ դոլարի մասին է, ապա պարզ է դառնում, որ անգամ 1 տոկոսի ավելացումը հսկայական թիվ է կազմում: Հետեւաբար` նույնչափ մեծ պետք է լինի այն պաշտոնյաների պատասխանատվությունը, որոնց սխալ հաշվարկների կամ, պարզապես, կոռումպացվածության արդյունքում ՀՀ շարքային քաղաքացիներից յուրաքանչյուրի պարտքը տարեցտարի նվազելու փոխարեն` ավելանում է:
Օերերս հրաժարական տվեց երկրի տնտեսության թիվ մեկ պատասխանատուն` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գաղտնիք չէ, որ հենց նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի արտաքին պարտքը գրեթե եռապատկվեց: Ու եթե սկզբնական փուլում դա արդարացվում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ապա վերջին տարիներին արդեն ՀՀ պարտքի աճը պարզապես ապաշնորհ կառավարման արդյունք էր: Ուստի երբ Տ. Սարգսյանը հրաժարական տվեց, այն էլ` մի իրավիճակում, երբ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում էին անվստահություն հայտնել կառավարությանը, սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը հանրությանը կներկայացնի, թե ինչու որոշեց Տ. Սարգսյանին պաշտոնանկ անել (բնականաբար` որեւէ մեկը չի հավատում, որ հրաժարականի որոշումը Տ. Սարգսյանինն էր): Սակայն Ս. Սարգսյանը ոչ միայն իր նախկին վարչապետի մասին որեւէ թթու խոսք չասաց, այլեւ նոր վարչապետին պատգամեց շարունակել սկսված «բարեփոխումները», այդ թվում եւ` վիճահարույց կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ավելին` նա անմիջապես հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանն առաջիկայում անցնելու է «չափազանց կարեւոր դիվանագիտական աշխատանքի»:
Թե ինչու Ս. Սարգսյանը չփորձեց Տ. Սարգսյանին իր ձախողումների համար գոնե հրապարակավ քննադատել եւ այդպիսով փրկել իր գահավիժող վարկանիշը, ունի շատ պարզ բացատրություն: Ս. Սարգսյանը չէր կարող այդչափ նեղացնել Տ. Սարգսյանին, քանի որ նրա հետ կապված է բազմաթիվ թելերով, եւ խոսքը, բնականաբար, ոչ թե մարդկային կամ զգացմունքային, այլ շատ կոնկրետ նյութական եւ գործարքային թելերի մասին է: Բայց ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Ս. Սարգսյանին առանձնապես չի հուզում, թե ինչ է իր մասին մտածում ժողովուրդը, որպեսզի նրա առջեւ հաշվետու լինելով` գնա ոհմակային մտածողության տեսանկյունից նման վտանգավոր քայլի:
Դե իսկ մնացած քաղաքական ուժերի համար էլ արդեն լիուլի բավական է այն, որ նրանք կարող են գլուխ գովել, թե իրենց գործադրած ճնշման արդյունքում էր, որ Ս. Սարգսյանը հանեց վարչապետին:
Արդյունքում հերթական անգամ համոզվեցինք, որ Հայաստանում անգամ միլիոնավոր դոլարների վնասներ տված պաշտոնյայի համար առավելագույն պատիժը աթոռը կորցնելն է:




Լրահոս