«Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն այն կարծիքին է, որ այսօրվա արվեստագետները նախընտրում են «գեղեցիկ բաներ» ցուցադրել, իսկ ահա ժողովրդին ծառայելու հարցում թերանում են: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական կյանքին:
-Ինչպես նկատել ենք՝ «Ագուլիս» թատրոնի հանդիսատեսի թիվը վերջին շրջանում կտրուկ նվազել է, Դուք ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:
-Մեր բնակչության թիվը մայրաքաղաքում պակասել է, մարդիկ գնում են, երեխաներին էլ հետներն են տանում, ուստի թատրոնում էլ նրանց հոսքը նվազում է:
-Ճիշտ է՝ «Ագուլիսը» Հայաստանի ամենափոքր թատրոնն է, սակայն դա չի նշանակում, թե այն օգնության կարիք չունի: Երբեւէ պետությունից աջակցություն ստացե՞լ եք:
-Իմ թատրոնը պետական աջակցություն համարյա չի ստացել, ինքս խուսափել եմ դրանից: Ես շատ լավ գիտեմ թատրոնի օրենքները, եւ ընդունում եմ այն ասացվածքի ճշմարտացիությունը, ըստ որի՝ վճարում է նա, ով պատվիրում է երաժշտությունը: Ես չեմ ուզում, որ ինձ պատվիրեն, պետք է ֆինանսապես անկախ լինեմ, թեկուզ՝ խեղճ, բայց կարողանամ ասել այն, ինչն ինքս անհրաժեշտ եմ համարում:
-Ձեր ընդդիմադիր կեցվածքի համար չե՞ք տուժել:
-Չեմ կարծում: Հասարակության շրջանում պետք է պարտադիր բանավեճ լինի, այլապես կվերածվենք Սովետական հասարակարգի, որտեղ իշխողը վերեւից իջեցված ճշմարտությունն էր:
-Թեեւ մինչ օրս որեւէ կուսակցության չեք անդամագրվել, բայց ժամանակին կանգնել եք, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ այսօր ո՞ւմ կողքին կկանգնեք:
-Ոչ ոքի, ինքս իմ կողքին (ծիծաղում է): Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էի, քանի որ նրա կեցվածքն ինձ համար ավելի տրամաբանական էր, նրա կողմից տեսնում էի արմատական, ճիշտ մոտեցումներ, ուզում էի իմ հնարավորության սահմաններում սատարել:
-Դուք այն եզակիներից եք, ով ապացուցեց, որ իսկական արվեստագետն ու մտավորականը պետք է նաեւ ակտիվ քաղաքացի լինի: Այնինչ որոշ արվեստագետներ պնդում են, որ իրենց տեղն արվեստի ոլորտն է, եւ կտրականապես չեն խառնվում քաղաքական-հասարակական հարցերին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Պետք է նկատենք, որ արվեստագետների այդ դասակարգումը նոր ժամանակների խնդիր է: Հնում արվեստն ուղղված է եղել ժողովրդի խնդիրները լուծելուն: Եվ պատահական չէ, որ թատրոնի կազմում ժամանակին եղել են շարքային հայ մարդիկ, որոնք, բամբիռն ուսներին գցած, գյուղից գյուղ են պտտվել, անարդարությունների դեմ խոսել եւ հալածվել: Սա է հասարակության մեջ լինելու ճշմարիտ ուղին: Մենք հիմա շատ շնորհալի արվեստագետներ ունենք, որոք ունեն իրենց որոշակի կեցվածքը՝ հասարակության խնդիրներին անդրադառնալիս: Խուսափում են բարդություններից, միջհարաբերական բախումներից, նախընտրում են գեղեցիկ բաներ ցուցադրել, իսկ ահա ժողովրդին ծառայելու հարցում թերանում են:
-Տեւական ժամանակ աշխատել եք Գորիսի թատրոնում, մի առիթով նշել եք, որ երբ սյունեցուն պաշտոն են տալիս, նա փոխվում է: Որքան ժամանակն անցնում է, այնքան համոզվում ենք, որ չի փոխվում միայն Սյունիքի մարզպետը, հիմա եթե նրա պաշտոնը ձեռքից առնեն, կփոխվի՞:
-Գորիսեցիներին եւ, առհասարակ, սյունեցիներին չի կարելի բնորոշել ղեկավարների գործունեությամբ. նրանք տարբերվում են: Սյունեցիները պինդ կանգնած են իրենց հողի վրա, բայց հենց պաշտոն են ստանում, փոխվում են. զարմանալի է՝ որոշ դեպքերում շատ անզիջում մարդիկ են: Բայց եթե պաշտոնն էլ առնես, միեւնույնն է՝ մնալու է այն մարդը, որը կարող է փոխվել պաշտոն ստանալու դեպքում:
-Ինչպե՞ս կգնահատեք մեր ներքին քաղաքական իրավիճակը, որի պայմաններում բռնության են ենթարկվում ազատամարտիկները, Արամ Մանուկյանը, երբ տուժածը չի դիմում դատարան, քանի որ վստահ է, որ մենք չունենք ոստիկանական ու դատական համակարգ:
-Այս իրավիճակը մեկ բառով կբնորոշեմ որպես անարխիա: Մեր հասարակությունը նոր-նոր է կայանում, բախումներ էլ կլինեն, ավելի վատ բաներ էլ… Մենք կշահենք, եթե ազգովի չունենանք այն սխալ կեցվածքը, որով հանդես ենք գալիս: Մենք չենք սիրում պայքարել: Հեշտությամբ լքում ենք դաշտն ու հեռանում, դրա վառ արտահայտությունն արտագաղթն է:
-Երբ 22 տարեկանում ոտք դրեցիք հայրենիք, մտածում էիք, որ այս երկրի տերը Դուք եք, հիմա՝ «100 մինուս 10» տարեկանում է՞լ եք այդ համոզմանը:
-Իհարկե, եթե տեր ես, չես կարող վաղը որոշել, որ այլեւս տեր չես, դա դասալքություն կլինի, տեր ես, ուրեմն տեր ես…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԼՈՒՐԵՐ
ԱՐՄԵՆՉԻԿ ԵՎ ՁԱԽ ՀԱՐՈՒԹ
Արմենչիկը տարին կամփոփի ստեղծագործական նորություններով: Այս օրերին ամերիկաբնակ երգիչը պատրաստվում է Ամանորի գիշերը Դուբայում կայանալիք իր մենահամերգին, իսկ մինչ այդ կներկայացնի զուգերգ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ: Նրանք առաջին անգամ միասին հանդես կգան դեկտեմբերի 21-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում: Bravo.am-ի փոխանցմամբ՝ այդ օրը տեղի կունենա «Իմ կյանքը» խորագրով համերգ՝ նվիրված Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50-ամյակին. «Երկար տարիներ բնակվելով Միացյալ Նահանգներում եւ լինելով ընկերներ՝ միասին երգելու ցանկություն միշտ էլ ունեցել ենք, սակայն չենք կարողացել իրականացնել թե՛ իմ, թե՛ իր զբաղվածության պատճառով: Պահը հասունացել է, լեգենդար երգչի եւ իմ ավագ ընկերոջ 65-ամյակի առթիվ վերջապես հանդես կգանք զուգերգով»,-տեղեկացրել է երգիչը:
Արմենչիկը երգի վերաբերյալ մանրամասներ չի պատմել, քանի որ իրենք ցանկանում են անակնկալ մատուցել հանդիսատեսին, միայն նշել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է՝ ցուցադրվի զուգերգի տեսահոլովակը:
ՑՆՑՈՂ ՆՎԵՐ
Ռեփեր Քանիե Ուեսթը ցնցող նվեր է պատրաստել իր եւ ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի դստերը՝ Նորթին: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը 74 հազար դոլար է ծախսել աղջկա համար սուրբծննդյան նվերը գնելու համար: 62 հազար դոլարը ծախսվել է ադամանդներով պատրաստված պսակաթագի, իսկ 12 հազար դոլարն էլ՝ իր ամենագնացի կրկնօրինակն աղջկա համար գնելու նպատակով:
ՌԻՀԱՆԱՆ՝ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ»
Օրերս երգչուհի Ռիհանան հայտնվել է «արտկարգ իրավիճակում»: Նա մեկնել էր Փարիզ՝ նոր տեսահոլովակ նկարահանելու նպատակով: Էյֆելյան աշտարակի մոտ նկարահանված տեսահոլովակի նկարահանումները տեւել են ընդամենը 5 րոպե, սակայն այդ կարճ ժամանակն էլ բավական է եղել, որ երգչուհու շուրջ հավաքվի երկրպագուների մի մեծ բանակ: Բանը հասել է նրան, որ թիկնապահը ստիպված է եղել բարձրացնել նրան իր ուսերին, իսկ Ռիհանան էլ այս ընթացքում օդային համբույրներ է ուղարկել երկրպագուներին: Որոշ խոսակցությունների համաձայն՝ երգչուհին ինքն է «ժամադրել» այդ մարդկանց եւ մեքենայից դուրս գալուն պես վազել է նրանց մոտ: