«Օրենքով գողերին» հաջողվե՞ց իրավապահներին շփոթության մեջ գցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական աշխարհում երկար տարիներ սպասված վերջին 10-15 տարիների ամենամեծ հավաքը` «սխոդկան», ի զարմանս բոլորի, անցկացվեց Հայաստանում: Թե ինչու ի զարմանս բոլորի` քրեական աշխարհի իրադարձություններին լավատեղյակ, վերլուծաբան Սերգեյ Գալոյանը բացատրեց այն հանգամանքով, որ մեր երկրում քրեական աշխարհ, որպես այդպիսին, գոյություն չունի: Այստեղ որևէ լուրջ և հիշատակության արժանի իրադարձություն տեղի չի ունեցել:

Տեղեկացնենք, որ ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն` ռուս իրավապահները խոստացել էին ձերբակալել հեղինակավոր «օրենքով գողերի» մասնակցությամբ կայանալիք խոշոր հավաքի բոլոր մասնակիցներին: Արդյունքում` «գողերը» արագ կարգով ժամանել են Երևան:

Armlur.am-ի հարցին` իր կարծիքով ինչո՞ւ Մոսկվայում «գողերը» չանցկացրին հավաքը` նախապես պլանավորածի համաձայն, այլ անսպասելի եկան Հայաստան, Սերգեյ Գալոյանը պարզաբանեց. ««Օրենքով գողերն» իրենց հավաքները կարող են կազմակերպել աշխարհի ցանկացած վայրում: Այս անգամ նրանց համար ավելի հարմար էր անցկացնել Հայաստանում ոչ թե այն պատճառով, որ այստեղ ավելի հեշտ է իրավապահների հետ հավանական խնդիրներից խուսափել, այլ քանի որ պետք էր այլ երկրների իրավապահներին շփոթության մեջ գցել: Ո՞վ կմտածեր, որ պիտի գան Հայաստան, այն էլ այն դեպքում, որ այստեղ քրեական լուրջ իրադարձություններ տեղի չեն ունենում. ոչ ոքի մտքով չէր անցնի: Իսկ Մոսկվայում շատ լավ գիտեն` երբ է Շաքրոն Մոսկվայում. նրան անընդհատ հետևում են»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ:

Սերգեյ Գալոյանը վստահեցրեց նաև, որ «օրենքով գողերի»` Հայաստանում անցկացրած «սխոդկան» որևէ կերպ` դրական կամ բացասական, ազդեցություն չի ունենա մեր երկրի վրա: Իսկ կարևոր հարցը, որ քննարկվել է «գողերի» հավաքին, մեր զրուցակցի խոսքով` 2008 թվականից ի վեր մի շարք մարդկանց` «օրենքով գող» կարգվելն ու այդ կարգավիճակում մնալ-չմնալն է:

Ինչ վերաբերում է ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գողեր» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու վրացի Ջեմալ Միկելաձեին (Ջեմո) «օրենքով գողի» կոչումից զրկելուն, Ս. Գալոյանը նկատեց, որ նախկինում նրանց կողմից արված սխալ քայլերի համար պատասխան տալու ժամանակն էր եկել: «Ամեն ինչ ավելի հստակ կլինի այն ժամանակ, երբ պարզվի` կոնկրետ ինչի համար են հավաքվել: Իսկ հայազգի Էդիկ Ասատրյանը աշխարհի հզոր մարդկանցից մեկն է, նրան սիրողներ էլ կլինեն, չսիրողներ էլ: Կասկածի տակ դնելը ո՞րն է: Ժամանակին կասկածի տակ են դրել նաև Յապոնչիկին, Դեդ Հասանին ( հիշեցնենք, որ լուրեր են տարածվել, թե հավաքին քննարկման է դրվել նաև այն հարցը, որ Էդիկ Ասատրյանի` Ասետրինայի հեղինակությունը որոշ «գողեր» կասկածի տակ են դրել): Այս աշխարհը, ինչպես հասկանում ենք, «մաքրվում է»»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ հայակական լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն` հավաքը երեկ մեկնարկել և այսօր տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:

Հավաքի կազմակերպիչը, ըստ ռուսական «Ռոսբալտի», քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկին, կրկին քրեական աշխարհում հայտնի և 2010 թվականին մահացած Արմեն Հարությունյանի եղբայրը, ով բավականին լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Որոշ տեղեկություններով՝ միայն նա կարող էր Հայաստանում նման մասշտաբի հանդիպում կազմակերպելու «դաբրո» ստանալ իշխանություններից և իրավապահներից: Ըստ ռուսական կայքի՝ Արտյոմ Կանևսկին լուծել է նաև գողական հավաքի ժամանակ հավաքի մասնակիցների, այդ թվում և Շաքրոյի անազատության մեջ չհայտնվելու հարցը:

Ի դեպ, նույնիսկ հնաբնակները չեն կարողանում հիշել նման մասշտաբի իրադարձություն նորագույն պատմության ընթացքում: Այն պատմական է նաև այն պատճառով, որ փորձ է արվում լուծել «գողական» աշխարհի ամենաբարդ խնդիրներից մեկը: Հիշեցնենք, որ 1998 թ.-ին հարյուրավոր «գողեր» փորձում էին հավաքվել, սակայն ոստիկանությունն ամեն կերպ խոչընդոտում էր այդ հավաքների անցկացմանը:

Աղբյուրի փոխանցմամբ, «գողական» ֆորումին ամենաբարձր մակարդակով մասնակցել են մինչև 100 «պատվիրակներ»: Երևանում նկատվել է Բորյա Ապակելը, որի ներկայությունը հույս է տալիս խնդիրների խաղաղ կարգավորմանը: 2 օր առաջ Երևան են ժամանել Շիշկինը և Շաքրոն, ում էլ վերապահվում է հավաքի անցկացման նախաձեռնությունը: Նրանց են միացել Չեբուրաշկան և Միրիչը: Սպասվում է նաև Դեդ Հասանի «ժառանգների»` Պիչուգայի և Վոսկրեսի ժամանումը: Շրջանառվում են լուրեր, թե իրենց կորցրած դիրքերը վերականգնել են երևանցիներ Սևան և Բջեն:




Լրահոս