Հայ պաշտոնյաները ոչինչ չեն խնայում միջազգային մամուլում երևալու համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, 2014թ. դեկտեմբերի 30-ին ‪‎իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «‪‎ԷլՄունդոն‬» Հայաստանին նվիրված հատուկ թողարկում էր տպագրել: Համարում ներկայացվել էին հարցազրույցներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ տարբեր հասարակական կազմակերպությունների և արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

2

Երեկ այս լուրերին էր անդրադարձել «Առաջին լրատվականը» և նշել, որ կառավարության ղեկավարը հայտնի պարբերականում նշված հավելվածի համար կլորիկ գումար է վճարել՝ 30 հազար եվրո: Իսկ հարցազրույցների շարք տպագրելու միջնորդը եղել է հենց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է:

3

Մեկնաբանություն ստանալու նպատակով Armlur.am-ը զրուցեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Հովիկ Աբրահամյանը հավելվածի համար ոչ իր անձնական միջոցներից, ոչ էլ պետական բյուջեից ոչ մի լումա չի վճարել:

1

Հիշեցնենք, որ վերջերս էլ Հովիկ Աբրահամյանի խնամի՝  ԲՀԿ Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույց էր  տպագրվել արդեն ռուսական  «Независимая газета»-ում: Այդ ժամանակ էլ լուրեր էին տարածվել, թե  նա վճարել է մոտ 15 հազար դոլար:  Այդ ժամանակ էլ  Armlur.am-ը կապ  էր հաստատել Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով փոխանցել էր  հետևյալը: «Էժանագին հերյուրանքներին չեմ պատասխանում և չեմ մեկնաբանում»:

Այսպիսով` վերջին շրջանում նույնպես շարունակվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում հոդվածներ և հարցազրույցներ տպագրելու ավանդույթը: Բայց դա ինչպես ասում են՝ «սիրուն աչքերի համար չի արվում» ու որքան էլ մեր պաշտոնյաների մամուլի խոսնակները հերքեն նյութերի դիմաց կլորիկ գումարներ վճարելու փաստը, ակնհայտ է, որ մեր պաշտոնյաները երազում ու ոչինչ չեն խնայում՝ միջազգային մամուլում երևալու համար:




Լրահոս