ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ Սեյրան Օհանյանը նախ՝ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև զորակոչիկների ծնողներին ու հարազատներին հուզող հարցերին:
Հանրապետական կենտրոնական հավաքակայանում Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, նրանց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով, զորակոչիկիներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև հավաքակայանում ընթացող բուժզննության գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ:
Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը ներկա է գտնվել վիճակահանության գործընթացին:
Շրջայցի ավարտին էլ պաշտպանության նախարարը ճեպազրույց է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կարեւորելով արդարության և օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացի շարունակականությունը՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զորակոչից զորակոչ իրականացվող աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով և ներդրվում են մի շարք նորամուծություններ:
Հերթական զորակոչի նորամուծություններից մեկն էլ այն է, որ զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում: Դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության: