Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` «Բելվեդերյան» պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը եւ Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ:
Շնորհավորելով եւ ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին հույս հայտնեց, որ դեսպանը լավագույնս կնպաստի Հայաստան – Լեհաստան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լեհաստանի նախագահը շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր բարեկամության եւ փոխայցերի ընթացքում ձեւավորված դրական հիշողությունների մասին՝ խնդրելով դեսպանին իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին:
Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները Լեհաստանի նախագահին ու ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ պատմության ընթացքում ձեւավորվել են բարեկամական հարաբերություններ, եւ ՀՀ իշխանությունները ձգտում են զարգացնել եւ ամրապնդել դրանք բոլոր բնագավառներում։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան – ԵՄ հարաբերություններին, կարեւորվեց համագործակցության եւ երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:
Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ շնորհակալություն հայտնեց Լեհաստանին` Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ դատապարտելու համար:
Հանդիպման վերջում, ուրախությամբ արձանագրելով Էդգար Ղազարյանի առաջին դեսպանական նշանակումը Լեհաստանում, նախագահ Կոմորովսկին եւս մեկ անգամ շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:
Այնուհետեւ դեսպանը ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց Վարշավայի «Պիլսուդսկի» հրապարակում տեղակայված «Անհայտ զինվորի» հուշահամալիրին՝ գրառում կատարելով պատվավոր հյուրերի հուշամատյանում: