Վաստիկանը սկսում է իր արխիվներում պահպանված գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Փաստաթղթերը հիմնականում վերաբերում են 400 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություններին, սկսած 1621 թվականից: Ինչպես փոխանցում է HaberTurk-ը, ամենահին փաստաթուղթը թվագրվում է 8-րդ դար:
Շուրջ 100 գաղտնի փաստաթղթերի ցուցադրությունը, որոնք նաև ներառում են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին վկայություններ, կշարունակվի մինչ այս տարվա սեպտեմբեր ամիսը:
Ինչպես հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվի ղեկավար եպիսկոպոս Սերժիո Պագանոնն, փաստաթղթերը մեծ թվով տեղեկություններ են պարունակում հայերի մասին: Խոսելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մասին՝ Պագանոն նշել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրքական զորքերի կողմից հայերին դաժան կտտանքների ենթարկելու մասին:
Պագանոն նաև հայտարարել է, որ Վատիկանը հրապարակելու է նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարման օրոք Հայոց ցեղասպանության մասին արխիվները:
«Այդ փաստաթղթերն անզսպելի ցավ ու սարսափ են հարուցում: Հայերի հանդեպ թուրքերի դաժանության մասին հաղորդագրություններն ինձ ստիպեցին ամաչել, որ ես մարդ եմ»,- ասել է եպիսկոպոսը: