Էրեբունու բնակիչները մահից փրկվեցին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունու բնակիչներն այսօր վաղ առավոտից փառք են տալիս Աստծուն, որ առավոտ կանուխ շուկայի մոտակայքում տեղի ունեցած փլուզումը ցերեկը չի եղել. մահվան ելքերն այդ դեպքում անխուսափելի կլինեին:

Armlur.am-ի հետ զրույցում մի խումբ բնակիչներ վստահեցրին, որ նշված տարածքում մի քանի օր շարունակ իրականացվող շինաշխատանքները պետք է նման հետևանք թողնեին:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի նկարահանող խումբն ականատեսը եղավ ահա այս իրավիճակի. մեր բոլոր զրուցակիցները, ովքեր ներկայացան փլուզված խանութների սեփականատերեր կամ վարձակալներ, վստահեցրին, որ որևէ պահանջ կամ բողոք չունեն տարածքը գնած ընկերությունից, քանի որ փոխհատուցումն արդեն իսկ եղել է: Ի դեպ, մեր զրուցակիցները նշեցին նաև, որ չգիտեն` ինչ է կառուցվելու իրենց` արդեն նախկին տարածքի փոխարեն, մինչդեռ շարքային քաղաքացիներն անգամ տեղյակ են, որ փողոցի այդ հատվածում գործելու է «Երևան սիթի» (դիմացի մայթին ևս գործում է) սուպերմարկետ:

Նշենք, որ նախկին շուկայի տարածքում, արդեն որոշ ժամանակ է, հորատման աշխատանքներ են ընթանում: Քաղաքացիները, ովքեր խուսափեցին տեսախցիկի առջև խոսել, տեղեկացրին, որ փլուզված խանութների տերերին վերջնաժամկետ է տրվել, որպեսզի տարածքը լքեն և սուպերմարկետի հիմքի հորատման աշխատանքները շարունակվեն:

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ հայտարարության` «Էրեբունու» շուկայի մոտակայքում ջրագծի վթարի հետևանքով տեղի է ունեցել փլուզում (մոտ 6 խանութ):

Պարզվել է, որ ժամը 02.30-ի սահմաններում Էրեբունու փողոցի թիվ 17 հասցեում՝«Էրեբունու» նախկին շուկայի տարածքում տեղի է ունեցել փլվածք. նախնական տվյալներով՝ շինության համար փորված հիմքի եզրաշերտի հողազանգվածը սահել է, ինչից Էրեբունու փողոցի երկայնքով կառուցված խանութներից 5-ը քանդվել և սահել են փոսը (մոտ 15 մ). առկա է ևս 3-ի սահելու վտանգ:

Մարդկային կորուստներ չկան, իսկ խանութների ապրանքը հիմնականում մթերային է եղել, և ոչինչ փրկել հնարավոր չէ:

Նախնական վարկածով` փլուզման պատճառը եղել է ջրագծի անսարքությունը: Պայթել են խողովակներ, և ջրի արտահոսքը փլուզել է հողի վերին շերտը: Այժմ դեպքի վայրում են ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները, որոնք հետևում են հասարակական կարգին և փորձում կարգավորել կոյուղաջրերի խնդիրը:

Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան

10909533_847828211956559_1779882710_o

10935617_847828268623220_1775634193_o

10936592_847828248623222_813969861_o

10936805_847828208623226_595290726_o

10939010_847828258623221_609360494_o




Լրահոս