Քաջարանի ԲԿ-ում անհանգիստ վիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախատոնական օրերին Քաջարանի բժշկական կենտրոնում անհանգիստ մթնոլորտ էր: Գլխավոր բժշկի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանը դիմել էր Սյունիքի մարզպետարան, քանի որ հայտնաբերվել էր ներհիվանդանոցային ինֆեկցիա` հեպատիտ C: Բժիշկ Մանասյանը առողջապահության բաժնի պետին խնդրել էր օգնել՝ շտկելու ստեղծված իրավիճակը:

«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 4 հիվանդ դիմել են Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք եւ ստացել բուժում: Այստեղ մասնագետներն անմիջապես են կողմնորոշվել. ախտորոշվել է հեպատիտ C»,-ներկայացրեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական բաժնի ապահովության առողջապահության բաժնի պետ Նունե Գեւորգյանը:
Ապա տեղի մասնագետներն ու հիվանդները դիմել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ համոզվելու, որ ախտորոշումը ճիշտ է: Հեպատիտ C-ն այստեղ եւս հաստատվել է:
Հիվանդանոցների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի մասնագետների խումբն անմիջապես ուղեւորվել է Քաջարանի ԲԿ: «40 հոգուց արյան նմուշ է վերցվել: Ընդ որում՝ 22-ը բուժանձնակազմից, իսկ 18-ը նախկին հիվանդներից: 3 հոգու արյան նմուշների պատասխանները դրական էին. հեպատիտ C հաստատվեց: Նրանք այն մարդիկ էին, ովքեր նախկինում վիրահատվել են Քաջարանի ԲԿ -ում»,- նշեց մարզպետարանի պատասխանատուն:

Տեղեկացանք, որ մինչ օրս արված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է հեպատիտ C-ով 5 հիվանդ, իսկ վարակվածություն ունեն 2-ը: «Հեպատիտ C-ով վարակված անձը լուրջ բուժման կարիք ունի: Այս դեպքում հիվանդները համապատասխան բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում: Ինչ վերաբերվում է վիրուսակիրներին, նրանք պետք է պարբերաբար հետազոտվեն: Այս պահին Քաջարանի ԲԿ-ի վիրահատարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Բայց հետազոտությունները սրանով չեն ավարտվում: Մարզպետը գրությամբ դիմել է առողջապահության նախարարության առողջապահական տեսչության պետին, քանի որ սա արդեն լուրջ մասնագիտական հետազոտություն եւ վերլուծություն է պահանջում, որպեսզի եզրակացությունը նրանք կայացնեն, եւ մեղավորները պատժվեն»,- տեղեկացրեց Ն. Գեւորգյանը:

Մենք հետաքրքրվեցինք, թե այս որոշիչ պահին Քաջարանի ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վարդան Ավագյանն ինչու է բացակայում աշխատավայրից, այն դեպքում, երբ վիրուսակիրներից մեկը մայիսին էր վիրահատվել:
«Ինքը մինչեւ դեկտեմբերի 8-ը արձակուրդում էր առանց վարձատրության՝ իր հաշվին: Հետո ասացին, որ ինքը բուժման մեջ է, հանրապետությունում չէ»,- պարզաբանեց մարզպետարանի պատասխանատուն:

Թե ինչն է հեպատիտ C-ի տարածման պատճառ դարձել, դեռ վաղ է ասել: Հարցին վերջնական պատասխան կտրվի առողջապահության պետական տեսչության հետազոտություններից հետո:

Անի Ստեփանյան
Կապան




Լրահոս