Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից և հասարակական կրքերի բորբոքումից մեկ շաբաթ հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Սերժ Սարգսյանին ու ցավակցել Գյումրում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ կասկածներ կան առ այն, թե Պուտինն իսկապես զանգահարել է Սերժ Սարգսյանին, ինչպես նաև արդյոք ռուս զինծառայող Պերմյակո՞վն է իրականում սպանդի բուն կամ միակ հեղինակը: Նշենք, որ Պուտինը որևէ ցավակցական հեռագիր չի հղել, այսինքն՝ անմիջականորեն Պուտինի դեմքից որևէ հայտարարություն չի հնչել:
Նկատենք, որ Պուտինի հեռախոսազանգն այնպիսի տպավորություն է թողնում, թե ռուսական կողմը պարզապես հայկական պահանջներին ի պատասխան համաձայնում է զանգահարել, որպեսզի հայերը «հանդարտվեն»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ինքը բավականին մանրակրկիտ ուսումնասիրել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հետևել է առաջատար լրատվամիջոցների արձագանքին և կարող է նաև որպես իրավաբան ասել, որ ռուսական կողմը պատշաճ չի արձագանքում այս դեպքերին:
Միջազգային վերլուծաբան, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմի պահվածքը գնալով կասկածներ է խորացնում: «Հայ-ռուսական հարաբերություններին առաջին հարված հասցնողը հենց Ռուսաստանն է: Նրանց վարքագիծը` սկսած հանցագործին հովանավորելուց, հանցագործի քննությունն ակնհայտորեն ապօրինաբար սեփականելու փորձերից մինչև ուշացած ցավակցություններ, ցույց են տալիս այդ վարկածի կենսունակությունը»:
Քաղաքագետի կարծիքով`ռուսներն ամեն ինչ կանեն, որ Պերմյակովի դատավարությունը իրենց իրավապաշտպանների կողմից իրականացվի: