«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի՝ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը, որով Գագիկ Ծառուկյանը մտադիր էր ազդարարել քաղաքական նոր սեզոնի մեկնարկը, երեկ տեղի չունեցավ։
Միջոցառումը, որին քաղաքականապես ակտիվ ընդդիմադիր հանրությունն անհամբեր սպասում էր դեռեւս դեկտեմբերից, հետաձգվեց Գյումրիի ոճրագործության վերջին զոհի՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի ողբերգական մահվան կապակցությամբ։
Որոշումը կայացվել է ուշ գիշերով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։
Խորհրդաժողովի մասնակիցներին բնականաբար չէին հասցրել իրազեկել այդ մասին՝ մարդիկ նշանակված ժամին հավաքվել էին «Մուլտի գրանդ» շքեղ հյուրանոցային համալիրի մոտ, եւ Գագիկ Ծառուկյանն անձամբ հավաքվածներին հրավիրեց Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ մոմավառությամբ հարգելու սպանդի ենթարկված ընտանիքի հիշատակը։
Ավելորդ է ասել, որ նախաձեռնությունը մնում է ուժի մեջ:
Ինչպես նշված է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության մեջ, «խորհրդաժողովը մոտ օրերս անպայման կայանալու է»։ Ե՞րբ՝ «այսօր-վաղը կհայտարարենք։ Այս պահին ճիշտ չէ այդ մասին խոսել»,- նշեց Գ.Ծառուկյանը։
Իսկ թե ինչո՞ւ ՀԱԿ-ի ակտիվը, ինչպեսեւ նախապես խոստացել էր, մի կողմ է քաշվել՝ չի մասնակցում այս գործընթացին, փորձեց մեկնաբանել ԲՀԿ խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ խորհուրդ տալով դրանից հեռուն գնացող եզրակացություններ չանել։ Եռյակի փլուզման մասին լուրերը խիստ չափազանցված են, առավել եւս, որ «Ժառանգությունը», թեեւ ոչ առաջնորդի մակարդակով, բայց ընդունել է խորհրդաժողովին մասնակցելու հրավերը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: