Լոնդոնում ընթացող կրթության նախարարների համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինի և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Վենյամին Կագանովի հետ:
Համաշխարհային բանկի կրթության ոլորտի գլխավոր տնօրեն Կլաուդիա Քոսթինը հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարին`մասնակցության հրավերն ընդունելու, համատեղ ծրագրերը արդյունավետ և հետևողական իրականացնելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցելու Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Իր հերթին նախարար Ա. Աշոտյանը կարևորելով երկկողմ համագործակցությունը` համառոտ ներկայացրել է Հայաստանում ՀԲ վարկային ծրագրերով իրականացված միջոցառումների ընթացքը և արձանագրված արդյունքները` միաժամանակ ընդգծելով ծրագրերի շարունակականութան ու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
“Հայաստանի կառավարությունը և կրթության և գիտության նախարարությունն ամեն ինչ անում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգ ձևավորելու և զարգացնելու համար` ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով: Մենք կարիք ունենք համագործակցության հաջողված օրինակների, որոնց հիման վրա կկազմենք ու կիրականացնենք նոր ծրագրեր”,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը, հավելելով, որ ՀԲ հետ համագործակցությունն այդ համատեքստում հաջողված օրինակներից է:
ՌԴ նախարարի տեղակալի խնդրանքով տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: