Ես համոզված եմ, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ ցանկացած զգացմունքայնություն կարող է խանգարել այդ գործի արդար քննությանը: ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը, խոսելով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բացահայտման և Պերմյակովին ՀՀ իրավապահների կողմից դատելու պահանջի մասին, նման տեսակետ հայտնեց այսօր՝ խորհրդարանական լսումներից հետո:
«Այսօրվա խորհրդարանական լսումները և Գևորգ Կոստանյանի հորդորները, որ պետք է զերծ մնալ զգացմունքայնությունից, տեղին էին: Ես կողմ էի փակ քննարկումներին, քանի որ լրագրողների ներկայությունը լրացուցիչ զգացմունքայնություն կարող է առաջացնել»,- ասաց Շարմազանովը: Վերջինս, անդրադառնալով հաջորդ լսումների ժամանակ ԱԱԾ աշխատակիցների հնարավոր ներկայությանը, ասաց, որ ինքը դեռ չգիտի՝ նախատեսվում է արդյոք վերոնշյալ գերատեսչության ներկայացուցիչներին հրավիրել, թե՝ ոչ:
«Ես պատրաստ չեմ այդ մասին խոսել, հրավիրելու համար պետք է ունենալ հիմքեր, ես պետք է ամբողջական ինֆորմացիա ունենամ: Ես այն քաղաքական գործիչների թվին չեմ պատկանում, ովքեր ոտքի վրա որոշում ն կայացնում»,- ասաց Շարմազանովը: