ՀԱՐՑ. Տեսել եմ, որ Զեյթուն համայնքում ծառերը համարակալված են (Դավիթ Անհաղթի, Ուլնեցի փողոցներում եմ նկատել): Ինչո՞վ է պայմանավորված ծառերի համարակալումը, եւ Երեւանում բոլո՞ր ծառերը կհամարակալվեն, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Մանե Սահակյանի հարցման` աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ 2012 թվականին Երեւան քաղաքում իրականացվում են ծառերի գույքագրման աշխատանքներ: Մինչեւ տարեվերջ գույքագրվելու են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում առկա ծառերը:
Գույքագրման նպատակն է՝
-հասցեագրված տարածքներում պատկերացում կազմել ծառերի թվաքանակի, տեսականու, վիճակի, հասակի վերաբերյալ, տիրապետել հստակ տեղեկատվության,
-պատկերացում ունենալ ապօրինի հատվող ծառի տվյալների վերաբերյալ, որի մասին հաղորդվելու է իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ բնապահպանական տեսչությանը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, մարդկանց աչքին անսովոր է համարակալված ծառեր տեսնելը, բայց քաղաքային իշխանությունը հաստատ հենց այնպես միջոցներ ու ժամանակ չէր ծախսի մայրաքաղաքի ծառապատ տարածքների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար: Միգուցե գործընթացն ինչ-որ առումով ուշացած է. կանաչ գոտիների խնդիրը վաղուց է ամենահրատապներից մեկը համարվում: Այնուամենայնիվ, հուսանք, որ ծառերի համարակալումը կնպաստի դրանց խնամքի, ինչպես նաեւ նոր կանաչ գոտիների ավելացման գործընթացին: