Galatv.am-ը գրում է. Գյումրու Մյասնիկյան փողոցի 188 տանը, որտեղ հունվարի 12-ի առավոտյան տեղի ունեցավ ոճրագործություն եւ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի անդամները, այսօր դարձյալ քննչական խմբի հայ եւ ռուս անդամները ուսումնասիրություններ էին իրականացնում:
ԳԱԼԱ-ին այս մասին փոխանցեցին տան տարածքում օրուգիշեր հսկողություն սահմանող ոստիկանները: Իսկ թաղամասում հավաքված հարեւանները շարունակում են քննարկել տեղի ունեցած դեպքը, որն իրենց ասելով հանելուկ է ամբողջ թաղամասի բնակչության համար: Ինչո՞ւ հենց այս փողոցում, ինչո՞ւ այս ընտանիքը, եւ ինչո՞ւ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից: Շատ հարցեր կան, որոնց պետք է տրվեն հիմնավոր պատասխաններ, հակառակ պարագայում Ավետիսյանների հարեւանները նշում են, թե որեւէ մեկը հանգիստ ապրել չի կարող:
Թաղամասի բնակչուհիներից մեկը պատմեց, թե տանտիրոջ որդին՝ Արմենը, իր որդու մտերիմ ընկերն էր, հայր եւ որդի դեկտեմբեր ամսին էին վերադարձել արտագնա աշխատանքից, նշել էին նաեւ, որ հունվարի վերջին դարձյալ պատրաստվում էին մեկնել ՌԴ: Սկզբում աշխատել են Անապայում, իսկ վերջին անգամ մեկնել էին Տուապսե. «Տղեն տղուս ընկերն է, խելոք, շնորհքով, գնաց բանակ եկավ, անշառ, մարդ չգիտի՝ ինչ ասի, ինչ մտածի: Խոպանից նոր էին եկել հեր ու տղա, իմացանք, որ աշխատած փողերն էլ չէին տվել: Սերյոժան տղուս ասել էր՝ նոր տարին անցնի, նորից գնանք»,- պատմեց նրանց հարեւան տարեց կինը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում