Armenian text to speach

ԵՊՀ ռազմավարական պլանավորման կենտրոնից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նոր նշանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Բաբաջանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ Նա համակարգելու է հանրակրթության և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտները։

Աննա Բաբաջանյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևանում։ Սովորել է Երևանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։

Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։ 2010-2014 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։ 2014-2016 թվականներին ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։

2017-2018 թվականներին Բաբաջանյանը սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։

Նրա մասնագիտական փորձը հիմնականում կապված է կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կրթական քաղաքականության մշակման, հետազոտությունների և դասավանդման ոլորտների հետ։

2015-2017 թվականներին աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 2016-2017 թվականներին միաժամանակ դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղում։

2018-2019 թվականներին ներգրավված է եղել հետազոտությունների միջազգայնացման խթանմանն ուղղված C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, ինչպես նաև աշխատել է որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական։

2019-2020 թվականներին եղել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։

2019-2022 թվականներին որպես համակարգող փորձագետ ներգրավված է եղել Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբում՝ Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագրի շրջանակում։

2020 թվականին աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան։

2021-2022 թվականներին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնում համակարգել է HSBC Հայաստանի «Quality Professionals for Quality Jobs» ծրագիրը։

2022 թվականին ՄԱԿ-ի Հայաստանում համակարգողի գրասենյակի շրջանակում որպես ազգային խորհրդատու ներգրավված է եղել «Կրթության վերափոխման գլոբալ գագաթնաժողովի» աշխատանքներում։

2022-2026 թվականներին Բաբաջանյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը։ 2023-2026 թվականներին միաժամանակ եղել է «KPI4HE» Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։

Բացի մասնագիտական գործունեությունից՝ նա մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստումների և հետազոտական ծրագրերի։

Աննա Բաբաջանյանը տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Ամուսնացած է։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից Աննա Բաբաջանյանը ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով հանրակրթության և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտները։

Անի Վարդանյան




Լրահոս