Այսօր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1939թ. հունվարի 27-ին:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը սովորել է 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա՝ 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թ. ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսում են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը» և «Հին օրերի երգը»։