ՀԻՄԱ ԷԼ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՓՈՂԸ ՉԻ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Հրազդան քաղաքի բնակիչները պատմեցին, որ 2009թ. ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, Հրազդանում իր հորեղբոր որդու միջոցով որոշել է  ֆուտբոլի մարզադաշտ կառուցել: Աշխատանքն ավարտելուց հետո, սակայն,  Հայրապետյանը հրաժարվել է վճարել աշխատողներին:  Շուրջ երեք տարի է` մոտ 50-60 հոգի փորձում են իրենց քրտինքով վաստակած գումարը «ստանալ» Հայրապետյանից:
Ռ. Հայրապետյանի կողմից «տուժած» Գագիկ Սեփոյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ 2009թ. Հրազդանի Փյունիկ գյուղում գնացել է աշխատանքի. «Իմացա, որ գործ կա «Կիլիկիա» մանկապատանեկան ճամբարում, որտեղ պիտի կանաչապատում անեինք, ֆուտբոլի դաշտ սարքեինք, մոտավորապես մի 5 հազար քմ տարածք էլ կողքերը պիտի կանաչապատեինք: Ու էդ ամեն ինչը կազմակերպում էր Ռուբեն Հայրապետյանի հորեղբոր տղեն` Հայկ Եգոյանը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել Հայկի հետ, որը վստահեցրել է, թե այդ դաշտի պատրաստման աշխատանքների հեղինակն ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է, որն էլ կվճարի իրենց կատարած աշխատանքի դիմաց: «Հայրապետյանն էլ ամեն անգամ գալիս տեսնում էր՝ ինչ գործ ենք անում, էդ ընթացքում, որ մենք աշխատում էինք, բաժանված էինք երկու խմբի՝ մեկը չիմ բերողներն էին, մեկն էլ՝ չիմ խփողները, մենք չիմ բերողներն ենք եղել: Իրանք էդ ընթացքում մենակ ավտոների ու բանվորի փող են տվել, այսինքն՝ ծախսի փող են տվել՝ մոտ  մեկուկես միլիոն դրամ, իսկ գործը վերջացնելուց հետո մեր անձնական փողը, որը կազմում էր 4 միլիոն դրամ, չեն տվել»,-պատմեց Կառլեն Շահինյանը, որը եւս Հայրապետյանից «տուժածներից» մեկն է:
«Իսկ ամբողջ բրիգադի գործն անողների գումարը կազմում ա 18 միլիոն դրամ, որը դաշտը սարքելուց հետո պիտի տային մեզ: Մենք էդ ամենի մասին պայմանավորվել ենք Հայկի հետ, որն ասել ա, թե Հայրապետյանն ասել ա՝ անենք վերջացնենք, էդ 18 միլիոնը կտամ, էտի օբշի գումարն ա, իսկ մեր գումարը կազմում ա 4 միլիոն, որ մինչեւ էսօր չեն տվել»,-նշեցին մեր զրուցակիցները: Նրանք նաեւ պատմեցին, որ Հայրապետյանի հորեղբոր որդի Հայկը պատճառաբանում է, թե «չիմը լավ խփած չէ», լավ գործ չեն արել, դրա համար էլ խոստացված գումարը չեն տալիս. «Չնայած կարաք գաք, ձեր աչքով տենաք, որ ամեն ինչ շատ լավ ա, բայց մենք չիմ բերողներն ենք, մենք խփելու հետ կապ չունենք, գոնե մեր գումարը տան: Հայկը միշտ մեր հետ խոսում էր, ասում էր՝ շեֆն ա սենց ասել, ասել ա սարքեք, փողը կտանք: Սաղ Հայկի ձեռն էր, ինքն էր էդ ամեն ինչի պատասխանատուն: Հիմա էլ հասել ա էն ժամանակը, որ պիտի փողը տան, Հայկն ասում ա՝ Հայրապետյանը փողը չի տվել, որ ես ձեզ փող տամ»:
Նրանք հավաստիացրին, որ իրենց բերած ապրանքը որակյալ է եղել, իրենք շատ նորմալ կատարել են իրենց աշխատանքը, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ պատրաստված դաշտն անորակ է.  «Արդեն 3 տարի ա անցել, ու մինչեւ հիմա էդ Հայկն ասում ա՝ եթե փողը չի տվել, ես որտեղի՞ց տամ: Մենք անգամ Սերժ Սարգսյանին ենք նամակ գրել, որ սենց բան ա եղել, մեզ գրել են, թե տվե՛ք դատարան: Մենք մեր հողի ու ջրի մեջ ենք, մենք չենք վախենում, պայքարելու ենք, որ մեր արդար քրտինքով աշխատած փողը ստանանք, մոտ մի 50-60 հոգի էս վիճակում են գտնվում, մենք մի քանի օրից բողոքի ակցիա կանենք Հրազդանում, էդքան մարդ ընտանիք ունի ու սպասում ա էդ գումարին»:
Քանի որ Ռ. Հայրապետյանը կտրականապես հրաժարվում է հեռախոսով որեւէ մեկնաբանություն տալ, «Ժողովուրդ»-ը փորձեց վերը նշվածի վերաբերյալ զրուցել ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանի հետ: «Ի՞նչ է նշանակում՝ ասել ա կսարքեք, կվճարվեք, իրենք ինչ-որ պայմանագիր ունե՞ն Ռուբեն Հայրապետյանի հետ, պայմանագիր ունե՞ն, որտեղ գումարի չափ ա գրված, թե՞ դա ինչ-որ բանավոր պայմանավորվածություն է: էդպես ամեն մարդ կարող է գա ու ամեն ինչ ասի»,-մեր բարձրացրած հարցի շուրջ ասաց ՀՖՖ մամլո խոսնակը: Մանուկյանը շեշտեց, որ եթե պայմանագիրն առկա է, ապա կարող ենք իրեն ցույց տալ` ապացուցելու համար, որ նման գործարք է տեղի ունեցել, իսկ Հայրապետյանը չի վճարել:
Սակայն մեզ դիմած հրազդանցիների խմբից Գագիկ Սեփոյանն ասաց, որ իրենք պայմանագիր չեն կնքել. «Բայց մենք որտեղի՞ց իմանայինք, որ նման բան ա լինելու, որ հրաժարվելու են մեր աշխատած փողերը տալ: Դուք որտե՞ղ եք տեսել, որ մասնավոր գործերի ժամանակ պայմանագիր կնքեն, Հայաստանում մի հատ ըտենց դեպք ասե՛ք, ասեմ հա էլի՛, սխալ ենք արել, պայմանագիր չենք կնքել: Կարո՞ղ ա 60 հոգին էլ սուտ ա ասում, խաբում ա, որ Հայրապետյանը մեր փողերը չի տվել, ինչ եղել ա` էդ ենք ասում»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս