«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդի ծոցից դուրս եկած բանակի տոնը: Բանակ, որը ծնվեց խորհրդային մամլիչ ռեժիմից դուրս եկած կամավորական ջոկատների հենքի վրա: Այդ կամավորական ջոկատների հենքի վրա տիեզերական ռազմի ուժի հատկանիշներ ունեցող սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ՝ համախմբվելով դարձավ հզոր բանակ»: Այսօր «Եռաբլուր» պանթեոնում Armlur.am-ի հետ զրույցում հայոց բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ իր շնորհավորական խոսքն ասաց ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը:
Գեներալը վստահ է, որ եթե նախկինում՝ իր ծառայության ժամանակ, ծառայակիցների հետ իրենք կռվում էին 3 հազար մետր հեռավորությունից, ապա այսօր կարող են կռվել 100 հազար մետրից:
Armlur.am-ի հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ՝ հասնելու համար այն իրավիճակին, որ զորակոչի մասնակիցները ոգևորությամբ և սիրով գնան ծառայելու, ոչ թե զուտ որպես պարտականություն այն կատարեն, երբեմն՝ ոչ ցանկալի, գեներալը պատասխանեց. «ԵԿՄ-ն գեղեցիկ միջոցառում է իրականացնում. այս պատանիների հետ աշխատանքներ են տարվում: Նրանց 1 շաբաթով տանում ենք ճամբար, ու նրանք ընտելանում են զինվորական նիստուկացին, երկհարկանի մահճակալին, երկաթե ամանեղենին, սովորում են 10 հոգով սեղան նստել, ճաշ բաժանել: Կարևոր է, որ երեխաներին դպրոցից մինչև բանակ գնալը կարողանանք գաղափարախոսությամբ հայրենասիրություն սովորեցնել»:
Գեներալի հետ զրույցն ավելի մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում: