Այսօր մեկնարկել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի աշխատանքները: Մինչ օրակարգը ներկայացնելը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը և սահմանում տեղի ունեցող դիվերսիաներին:
«Բառեր չես գտնում ներկայացնելու այն ամենը, ինչ կատարվեց Գյումրիում: Ցանկանում եմ անձամբ իմ և ձեր աջակցությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասությունների շրջանակներում մինչև վերջ հետամուտ ենք լինելու հանցագործությանը բացահայտմանը: Վստահ եմ, որ այն կբացահայտվի և մեղավորները կպատժվեն», – անդրադառնալով Գյումրիի դեպքերին՝ նշեց Գ. Սահակյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, նա նշեց, որ դիվերսիաները շատացել են, սակայն մեր բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը և կանխարգելիչ քայլեր է անում, որի ընթացքում, սակայն զոհեր են լինում: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Գյումրիի զոհերի և սահմանին զոհված զինծառայողների հիշատակը: