ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 18-ի դատական նիստում հրապարակվում էին քրեական գործում առկա ապացույցները: Լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը եւ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն առաջարկեցին, որ դատարանում յուրաքանչյուր ապացույցի հրապարակումից հետո կատարվի դրա հետազոտությունը, հետո անցում կատարվի այլ ապացույցների հրապարակմանը: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ այդ հարցն իր իրավասության շրջանակում է, եւ ինքը որոշել է բոլոր ապացույցների հրապարակումից հետո միայն անցնել դրանց հետազոտությանը:
Դատարանում հրապարակվեց Արտակ Նազարյանի նոթատետրից պոկված, Նազարյանին վերագրված գրության մասին դատական փորձաքննության եզրակացությունը: Այդ գրության մեջ Ա. Նազարյանն իբր գրել է, որ իր ինքնասպանության մեջ պետք չէ ոչ ոքի մեղադրել: Ա. Նազարյանի ինքնաձիգի դատական փորձաքննության եզրակացությունը հրապարակելու ժամանակ պետական մեղադրող Հարություն Հարությունյանը սկսեց բացատրել, որ պարկուճի համարը մյուս կողմից կարդալիս այն համընկնում է քրեական գործում եղած պարկուճի համարի հետ: Դրանով նա փորձում էր ցույց տալ, որ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հիմնավորումները, թե գործով առկա պարկուճը  դատական փորձաքննության փուլում փոխվել է, չեն համապատասխանում իրականությանը:
Սա առաջացրեց դատավարության մասնակիցների դժգոհությունը, քանի որ այդ փուլում դատավորը թույլատրել էր միայն ապացույցների հրապարակումը, եւ ոչ` հետազոտումը: Ռ. Մարտիրոսյանը դատավորին հարցրեց, թե ինչու է նա դատախազին թույլ տալիս բացատրություններ ներկայացնել: Դատավորը, դատական սանկցիա կիրառելով, իրավապաշտպանին դահլիճից դուրս հրավիրեց: Ծովինար Նազարյանը դատավորին զայրացած ասաց. «Այն տպավորությունն ունեմ, որ այստեղ դատվում է Արտակ Նազարյանը եւ նրա ընտանիքը»:
Ընդմիջումից հետո Ծովինար Նազարյանը, դատավոր Ս. Մարդանյանին մեղադրելով կողմնակալ վերաբերմունքի, մեղադրողի շահերը պաշտպանելու համար,  ինքնաբացարկ հայտնեց: Նա դատավորին մի քանի անգամ հորդորեց «շառ ու փորձանքից հեռու մնալու» համար բավարարել իր միջնորդությունը՝ ասելով, որ այդ գործը հասնելու է մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը եւ ամբաստանյալ 5 զինծառայողները միացան ինքնաբացարկի միջնորդությանը, իսկ մեղադրող Հ. Հարությունյանն այդ միջնորդությանը դեմ էր: Դատավորն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ:Այդ մասին դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 19-ին՝ ժամը 11-ին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս