Փետրվարի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի 2015թ. առաջին նիստը:
Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը ներկայացրեց հաշվետվություն ՀՀ ՍՆ կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ:
Զեկուցողը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված համահայկական հռչակագրի հրապարակումը՝ որպես քաղաքական փաստաթուղթ, որի հիման վրա նախարարությունը պետք է կառուցի իր հետագա քաղաքականությունը: Նա մասնավորապես նշեց. «Այսօր ունենք աննախադեպ համախմբվածություն հայոց պետականության շուրջ, որը լուրջ հանգրվան է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման պահանջատիրության համար»:
Խոսվեց 2015թ. նախատեսված միջոցառումների կազմակերպման, նպատակների և սպասվող արդյունքների մասին:
Զեկուցողից հետո խոսեց ՀՀ սփյուռքի նախարարը: Նա նշեց. «Աշխարհի շատ երկրներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, շարժումներ են կազմակերպվում, գիտաժողովներ են անցկացվում, գրքեր, ֆիլմեր, պաստառներ են ստեղծվում, հուշարձաններ, խաչքարեր են տեղադրվում: Ապրիլի 12-ին Հռոմի Պապը պատարագ կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, սեպտեմբերին կանցկացվի սրբադասման կարգ:Ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պայքարի մեկ փուլն է: Պետք է շարունակենք մեր պայքարը «Կանք, պիտի լինենք և դեռ շատանանք» կարգախոսով:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ. Ստեփանյանը ներկայացրեց հաշվետվություն վարչության՝ 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ: Նա նշեց, որ 2014թ. ՀՀ կառավարության կողմից գերակա խնդիր է ճանաչվել սփյուռքահայերի ինտեգրման ծրագիրը, որի շրջանակներում զգալի աշխատանք է կատարվել սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, կազմակերպել է 3 համերգ, սիրիահայերի ձեռքի աշխատանքների և հրուշակեղենի 8 ցուցահանդես-տոնավաճառ, 3 հավաք-հանդիպում, սիրիահայ մանուկների համար ամառային 3 ճամբար, սիրիահայ արվեստագետների գրքերի շնորհանդեսներ:
Վարչությունն ընդունել է շուրջ 2200 սիրիահայի: Լուծում է տրվել նրանց առողջապահական, աշխատանքով ապահովման, ավտոմեքենաների մաքսազերծման, կրթական, նյութական աջակցության, փաստաթղթային և այլ խնդիրների: Վարչությունը համագործակցում է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմինների, համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ միասին համակարգելով աշխատանքը:
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշեց կատարված աշխատանքների մասին և կարևորեց 2015թ. ծրագրերի անթերի իրականացումը: