Կառավարությունն ի վիճակի չի եղել ապահովել օրենքի կատարումը. Նիկոլ Փաշինյանը` Պերմյակովի ձերբակալության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Պատգամավորը նախ նշեց, որ ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է նախատեսվում ՀՀ սահմանն ապօրինի խախտողի նկատմամբ, և որ խախտող անձին պետք է հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին:

«Սահմանը խախտելու պահին բռնել են Պերմյակովին, նա նշվում է որպես սահմանախախտ: Սակայն խախտվել է ՀՀ օրենսդրությունը, և նա հանձնվել է 102-րդ ռուսական ռազմաբազա: Ինչո՞ւ և ինչպե՞ս է դա հնարավոր եղել, ինչո՞ւ կառավարության առընթեր մարմինները չեն ապահովել օրենքի այս կետի իրականացումը: Ինչպե՞ս է ոստիկանական պոստերի միջով Պերմյակովը տարվել ռազմաբազա: Երեկ տեղեկացանք, որ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ: Բայց ի՞նչ վարույթի մասին է խոսքը, եթե Ռուսաստանի իրավապահ մարմիններն են վարելու գործը: Պատրաստվո՞ւմ են կառավարությունը և նրան առընթեր մարմինները պաշտոնապես դիմել` Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին»,- հարցրեց պատգամավորը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ դեպքն առաջացրել է բազմաթիվ իրավական բնույթի հարցեր, և որ այս պահին ՀՀ-ի և ՌԴ-ի կողմից իրականացվում է առանձին հանցակազմերով գործերի քննություն։

«ՀՀ կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություններ անել՝ կապված քննչական և դատական սուվերենության, համապատասխան իրավապահ մարմինների իրավասությունների սահմանների և գործի քննության և այլ իրավական հարցադրումների հետ: Մենք մտահոգված ենք, որ այն դեպքում, երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, քաղաքական, հուզական կամ այլ բնույթի հարցադրումներն ու հայտարարությունները կարող են անհարկի միջամտություն լինել, վտանգ պարունակել՝ խանգարելով քրեական գործով համապատասխան իրավական ընթացակարգերին»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե ոչ ոք չէր ակնկալում, որ նախարարը կմոտենա ամբիոնին ու քաղաքական-հուզական հայտարարություններ կանի: «Խոսքը գնում է ոստիկանության ու ԱԱԾ-ի գործառույթների մասին, իսկ հարցս կոնկրետ է` խախտվել են ՀՀ օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը: Ինչո՞ւ ձեր կառավարությունը և առընթեր մարմիններն ի վիճակի չեն եղել ապահովել օրենքի կատարումը»,- հարցը կրկնեց պատգամավորը:




Լրահոս