Հրապարակ. Մանկավարժականի ռեկտորն ազատվո՞ւմ է տարեց դասախոսներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը որոշել է ազատվել իր մի շարք ամբիոնների 65-ն անց դասախոսներից, թեև նրանք ունեն համապատասխան կոչումներ և դասավանդման բավական երկար տարիների փորձ: Համալսարանի ամբիոններից մեկի դասախոսը (նա չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, քանի որ դեռ հույս ունի մասնակցել օգոստոսին կազմակերպվող մրցույթին) թերթի հետ զրույցում ասել է, որ ռեկտորի կողմից դեկաններին և ամբիոնի վարիչներին ներքին հրահանգ է եղել` “հասկացնել” տարեց դասախոսներին, որ իրենք չեն կարող այլևս մասնակցել օգոստոսին հայտարարվող նոր մրցույթին: Իսկ որոշ հաշվարկով` այդպիսի խտրական վերաբերմունք դրսևորելու դեպքում մոտ 50 հոգի դուրս կմնան համալսարանից:”Բայց չէ՞ որ այդ աշխատանքով ես իմ ընտանիքն եմ պահում”,-վրդովված դժգոհել է դասախոսը: Վերջինիս փոխանցմամբ` այս ամենի նպատակն այն է, որ որոշ դեկաններ ցանկանում են իրենց ծանոթներին տեղավորել աշխատանքի: “Իրենց ախպերությանն են ուզում բերել”,-բացատրել է նա: Սակայն համալսարանի ռեկտորը` Ռուբեն Միրզախանյանը, թերթի հետ զրույցում այդպես էլ հստակ որևէ բան չի ասել: Նմանատիպ խոսակցություններն անլուրջ է որակել և բացատրել, թե ընդհանրապես ինչպես է տեղի ունենում մրցույթի կազմակերպման ընդհանուր գործընթացը: “Ոչ մեկը ոչ մեկից ազատվելու խնդիր չունի: Հայտարարվում է մրցույթ: Մրցույթը չի ենթադրում տարիքային սահմանափակում: Սա ընդհանուր կարգ է, որը կիրառվում է ոչ միայն Մանկավարժական համալսարանում, այլև երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում”,-ասել է Միրզախանյանը:




Լրահոս