ԾԱՌԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան քաղաքում ծառերի «սպանդ» է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքի հարավային գեղատեսիլ բարձունքում` Խաչատրյան եւ Խոջումյան տոհմերի հուշաղբյուրներ տանող ճանապարհի հարեւանությամբ, ցանկապատված հողամասում հատվել են շուրջ 40 ղաժի եւ կաղնի: «Ժողովուրդ»-ը լուսանկարել է հատված ծառերը, որոնց բները 40-60սմ հաստություն ունեն: «Դեպքի վայրում» ակնհայտորեն երեւում է, որ «սպանդ» իրականացնողները որոշ ծառերի բների  վրա թեփ ու հող են լցրել, որպեսզի թաքցնեն ծառահատման փաստերը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել այդ հողատարածքում, եւ թե արդյո՞ք այդ ամենի մասին տեղյակ է  Իջեւան քաղաքի ոստիկանապետ Անդրանիկ Ադիբեկյանը: Պարզվեց, որ տեղյակ չէր: Նա խնդրեց իրեն մեկ ժամից զանգահարել, որպեսզի պարզի, թե ի՞նչ է տեղի ունեցել Խաչատրյան եւ Խոջումյան տոհմերի հուշաղբյուրներ տանող ճանապարհի հարեւանությամբ գտնվող հատվածում: «Ժողովուրդ»-ը մեկ ժամ հետո զանգահարեց պարոն Ադիբեկյանին. «Ես հենց նոր, ձեր ասելուց հետո քննություն եմ նշանակել այդ առումով, ինչքան մարդ ունի անտառտնտեսությունը,  մոբիլիզացրել եմ բոլորին: Գնացել են` պարզելու: Եթե հայտնաբերվեն հատված ծառերը, արդեն համապատասխան ընթացքը կորոշվի, էս պահի դրությամբ նման դեպք չենք արձանագրել, հենց ձեր ասած տարածքում մի տասը աշխատող եմ ուղարկել»: Պարոն Ադիբեկյանը խոստացավ «Ժողովուրդ»-ի լուսանկարների հրապարակումներից  հետո ավելի կոնկրետ քայլեր  ձեռնարկել: Լուսանկարները կան, մնում է, որ ոստիկանապետն իր խոստումը կատարի:Իսկ ինչ վերաբերում է հողատարածքին, ապա նշենք, որ Իջեւան քաղաքում լուրեր են պտտվում, որ այդ հողատարածքը պատկանում է իրենց քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, որից էլ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք այդ խոսակցությունները իրական են, եւ արդյո՞ք քաղաքապետը տեղյակ է ծառահատումների մասին: Սակայն պարոն Ներսիսյանը շատ վրդովված էր եւ պարզվեց, որ պատճառը մեր նախորդ հրապարակումներից մեկն էր:«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Իջեւանում պտտվող խոսակցությունների համաձայն, Վարուժան Ներսիսյանը վարկ է վերցրել բանկերից մեկից` իր որդու անունով, երաշխավոր կանգնել նրան եւ այդ գումարներով աշխատավարձեր վճարել: Այդ հրապարակման կապակցությամբ էլ մենք դիմել էինք քաղաքապետին, ով հաստատել էր, որ այո, ինքը վարկ է վերցրել, ինչն օրենքով արգելված չէ եւ մնացածն իր անձնական գործն է: Բայց երեկ անհասկանալի պատճառներով հրաժարվում էր իր խոսքերից, ավելին` արդեն սպառնում էր «դատի տալ մեզ»: Պարոն Ներսիսյանին ոչ այնքան հանգամանորեն, այնուամենայնիվ, բացատրեցինք, որ մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափաբաժինը, եւ դատի տալու սպառնալիքները ամենեւին էլ մեզ չեն կարող վախեցնել: Մենք լրագրողական բոլոր «փամփուշտները» առայժմ պահում ենք: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս