ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՍԱԿՈՒՄ ԵՆ
«18 տարեկան աղջիկն արդեն պառավ է մեզ համար: Մեզ մոտ 18-19 տարեկան աղջիկները չեն էլ ամուսնանում, քանի որ ուզողներ չեն ունենում: Եզդի համայնքը դեմ է այս օրենքի ընդունմանը: Կառավարությունը, հավանություն տալով նման օրենքի, պետք է հաշվի առնի ամենամեծ ազգային փոքրամասնության խոսքը, մեր սովորույթները, ազգային օրենքներն ու կրոնական ավանդույթները»,-անդրադառնալով օրենսդրական փոփոխությանը, որով աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը սահմանվում է 18 տարեկանը, «Մեդիալաբ»-ին ասել է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրել է, որ այս տարվա երկրորդ եռամյսակի ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերը նվազել են: «Եթե անցյալ տարի 14 այդպիսի դատական գործ էր արձանագրվել, այս տարի այդպիսի գործերը 6-ն են»,-նշել է փորձագետը:
ՄԵԽԻ ԳԼՈՒԽ
Արդյոք Տիգրան Առաքելյանի՝ վեց տարվա պատժաչափը մեծ չէր. այս հարցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Արդարադատության գլխին ես չեմ կանգնած, այն իրականացվում է դատարանների կողմից»:
ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ
Tert.am-ի տեղեկացմամբ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները երեկ ձեռնաշղթաներով ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են բերել «Հարսնաքար»-ի գործով կալանավորված բոլոր անդամներին՝ 6 հոգու: Ըստ աղբյուրի՝ հնարավոր է՝ նրանց տեղափոխեն «Հարսնաքար»՝ քննչական փորձարարություն կատարելու համար: Այսինքն՝ կալանավորվածները քննիչներին պետք է պատմեն եւ մատնացույց անեն, թե դեպքի օրը եւ ժամին ով որտեղ եւ ինչ գործողություններ է կատարել:
ԿՐՃԱՏԵԼ ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ
ՊԵԿ նախագահի հրամանով` հուլիսի 23-ից հարկային 6 տարածքային տեսչություն է կրճատվել, ինչի արդյունքում հարկային համակարգից դուրս է մնացել 134 աշխատակից: «Մենք դա արել ենք համապատասխան հանձնաժողովի միջոցով 3 ամիս ուսումնասիրություններ կատարելուց հետո: Այն աշխատակիցները, որոնք այսօրվա պահանջներին չեն համապատասխանում, պետք է հեռանան համակարգից»,-լրագրողներին ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին փոխարինելու են նոր, բանիմաց կադրերով: Ի դեպ, ՊԵԿ-ում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով:
ՈՒՐԱԽ ՍՏՅՈՊԱՆ
Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն հայտարարեն, որ թիվ մեկ ընտրատարածքում սատարելու են իրեն, թեեւ այս պահի դրությամբ դեռեւս առաջադրվելու վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել:
ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ
Օգոստոսի 6-ից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտում փոխտնօրենի պաշտոնում կաշխատի։ Ավելի վաղ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին եւ Անահիտ Բախշյանին կրթության ոլորտում աշխատանք է առաջարկել:
ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը որոշել է գաղտնի պահել այն տեղեկատվությունը, թե որ մանկատանն է փոխանցվել հօգուտ Քոչարյանի ընտանիքի «Ժամանակ» օրաթերթից դատական կարգով «վիրավորանքի» եւ «զրպարտության» համար գանձված 3 միլիոն դրամը: Հիշեցնենք, որ Քոչարյանի ընտանիքը հայտարարել է, թե «Ժամանակ»-ից դատական կարգով բռնագանձված գումարն իրենց պետք չէ, եւ այն փոխանցելու են մանկատներից որեւէ մեկին, կարճ ասած՝ բարեգործական նպատակներով են իրացնելու: