ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ԶՈՀ՝ ՀԱՊԿ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Ուշագրավ զուգադիպությամբ այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում էր հրադադարի ռեժիմը ԼՂՀ պաշտպանական դիրքերի եւ ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Նույնիսկ մահացու հրազենային վնասվածք ստացավ մեկ զինծառայող` 1990 թվականին ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: Բացի այդ՝ արդեն երկու օր է՝ գնդակոծվում են Արգեպար, Կոթի եւ հայկական այլ սահմանամերձ համայնքները: Այսպիսով՝ հերթական անգամ, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է ժամանում Հայաստան, ադրբեջանական կողմը սկսում է լկտիանալ եւ գործել սանձարձակ: Տպավորություն է, որ այս կերպ Ադրբեջանը ցանկանում է հասկացնել, որ Ռուսաստանից չի քաշվում, կամ էլ ռուսական կողմն ինքն է ադրբեջանցիներին հանձնարարում լկտիանալ, որպեսզի ռուս պաշտոնյաները Հայաստանի ղեկավարությանը սփոփելու առիթ ունենան:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: ԲՈՒՀ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված, եւ կրթության նախարարությունում արդեն որոշել են հրաժեշտ տալ Թոքմաջյանին: Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանակն է: ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Սահմանված կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները (իր պաշտոնանկության մասին,- «Ժողովուրդ») անհիմն են»: Հիեշեցնենք, որ անցած տարի Հովհաննես Թոքմաջյանը սեքս սկանդալի մեջ էր հայտնվել. նրա սեռական բնույթի գրագրությունը ուսանողներից մեկի հետ հրապարակվեց, բայց ռեկտորի համար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

 

 

 

 
ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին: Դատավարական սխալ թույլ տալու համար դատավորը ստացել է նախազգուշացում: Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատավորը տույժի է ենթարկվել, քանի որ քրեական գործը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացրել է ոչ թե խորհրդակցական սենյակում, այլ հենց դահլիճում: ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի նույն հանձնաժողովը միջնորդել է նաեւ կարգապահական պատասխանատվության ենթարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին, սակայն վերջինիս դեպքում արդարադատության խորհուրդը բավարարվել է հարցը քննարկելով:

 

 

 

 
2014 թվականին Հայաստանում գործել է 12 հազար 786 խանութ, որոնցից 163-ը խոշոր սուպերմարկետներ են: Անցած տարվա արդյունքներով խանութներում աշխատել է 39 հազար 458 մարդ: Նշված խանութներն անցած տարվա ընթացքում իրականացրել են մեկ տրիլիոն 80 միլիարդ 149 միլիոն դրամի առեւտուր: Խանութներից 8 հազար 149 գործել են մայրաքաղաք Երեւանում, որոնց ընդհանուր առեւտրաշրջանառությունը կազմել է 964 միլիարդ 833 միլիոն դրամ: Այսինքն՝ ողջ հանրապետությունում իրականացված առեւտրի 90 տոկոսը բաժին է հասնում Երեւանին, իսկ Հայաստանի մնացած տասը մարզերում իրականացվել է առեւտրի 10 տոկոսը` 115 միլիարդ 316 միլիոն դրամի չափով: Սա նշանակում է, որ Հայաստանում գումար կա միայն մայրաքաղաքի բնակչության ձեռքին: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ մարզերում առեւտրի մեծ մասն իրականացվում է «նիսյա տետրակներով», ապա Հայաստանի մարզերում առկա ողբերգական վիճակն առավել քան հասկանալի կդառնա:

 

 

 

 
ՕԼԻԳՈՖՐԵՆԻԿ

Երեկ մի շարք Ռուսական լրատվամիջոցներ տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ hունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է սակավամտությամբ (օլիգոֆրենիա): Ավելին` ռուսական ԶԼՄ-ներից մի քանիսի հաղորդմամբ` ՌԴ զինվորական դատախազության քննիչները քրեական գործեր են հարուցել Պերմյակովի ծննդավայրի` Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու եւ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ:
Նկատենք, որ տեղեկությունները, թե Պերմյակովը տառապում է հոգեկան շեղումներով, հայտնվեցին ողբերգության հաջորդ իսկ օրը, ընդ որում, հենց ռուսական պարբերականներում: Եվ այն հանգամանքը, որ ռուսական լրատվամիջոցներն այդ վարկածի ստուգման համար վատնել են ամբողջ քսանչորս օր, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ի վերջո, հատկապես Պուտինի` երեքօրյա ուշացումով կատարված հեռախոսազանգից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ներին թույլատրվեց լուսաբանել Գյումրիի ողբերգությունը, Պերմյակովի կենսագրությունն օրեր շարունակ ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում էր: Նրա մասին պատրաստվեցին բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցում Պերմյակովի ընկերները, հարազատներն ու հայրը պատմում էին, թե որքան բարի տղա էր Վալերան, որքան ամաչկոտ: Պերմյակովի հայրն անգամ ասում էր, որ կրտսեր որդին այն աստիճան երկչոտ էր, որ իրենք մտավախություն ունեին՝ արդյոք նա կկարողանա ծառայել բանակում: Սակայն նա, ըստ հոր, ոչ միայն կարողացավ, այլեւ դա արեց «պատվով»` օրինակելի ծառայության համար զինվորական հրամանատարությունից պատվոգրի արժանանալով:
Ահա, այս ամենը ռուսական լրատվամիջոցներով օրեր շարունակ տիրաժավորվելուց հետո մեկ էլ ու հանկարծ ողջ մեդիան միաձայն աղաղակում է, թե Պերմյակովը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Մինչդեռ նկատենք, որ սկզբնական օրերին Պերմյակովի` հոգեկան հիվանդ լինելու մասին ենթադրություններ անող ռուսական ԶԼՄ-ները, ցանկության դեպքում, կարող էին շատ արագ պարզել` արդյո՞ք Պերմյակովը երբեւէ բուժվել է հոգեբուժարանում, թե՞ ոչ: Ի վերջո, եթե դա այդպես էր, ապա ռուսական քարոզչությունը դժվար թե այդ փաստը թաքցնելու որեւէ մոտիվացիա ունենար: Եվ այն, որ Պերմյակովի` հոգեկան հիվանդ լինելու մասին տեղեկությունները ԶԼՄ-ների միջոցով ներկայացվում է ոճրագործությունից գրեթե մեկ ամիս անց, տեղիք է տալիս ենթադրելու, որ Պերմյակովին «գիժ սարքելու» կամ էլ նրա «գիժ լինելու» փաստը բացահայտելու հրահանգը հիմա է տրվել: Երկու դեպքում էլ կատարված հանցագործությունում Պերմյակովի ներգրավվածության շուրջ կասկածները խորանում են:




Լրահոս