Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզում Մոլդովայի հետ սահմանային անցակետը գիշերվա ընթացքում վնասվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Այս մասին ուրբաթ առավոտյան հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
Սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ «Տաբակի» սահմանային անցակետով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և ուղղվել այլ անցակետեր։ Միջադեպի մասին տեղեկացվել են նաև Քիշնևի իշխանությունները։
Միջադեպը տեղի է ունեցել Ռումինիայում անօդաչուի ոչնչացումից մեկ օր անց։ Ռումինիայի օդուժի F-16 կործանիչը ոչնչացրել էր պայթուցիկներով բեռնված ծովային անօդաչու սարք, որը մոտեցել էր Եվրոպայի խոշորագույն ծովային գազային նախագծերից մեկին։
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը տեղի ունեցածի համար մեղադրել էր Ռուսաստանին՝ Մոսկվայի գործողություններն անվանելով «անպատասխանատու միջադեպերի» սրացում։
Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու Միրուցան հայտնել էր, որ ոչնչացված անօդաչուն պայթուցիկներ է կրել, իսկ Կիևը հաստատել է, որ այն ուկրաինական չի եղել։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը միջադեպը բնութագրել է որպես Եվրամիության դեմ սպառնալիքների սրվող արշավի մաս։ Նրա խոսքով՝ սա «հիբրիդային պատերազմ» է, որի նպատակն է անհանգստություն առաջացնել եվրոպացիների շրջանում և պառակտել Եվրամիությունը։
Եվրոպայում բարձր զգոնություն
Եվրոպայում անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերից հետո պահպանվում է բարձր զգոնություն։ Նախորդ տարի ՆԱՏՕ-ի օդային տարածքում անօդաչուների հայտնվելու դեպքերը եվրոպական երկրների շրջանում անվտանգության լուրջ մտահոգություններ էին առաջացրել։
Դաշինքի արևելյան թևում հակաանօդաչուական նոր համակարգերի տեղակայումից հետո ՆԱՏՕ-ն հայտարարել էր նաև «Eastern Sentry» ծրագրի ստեղծման մասին, որի նպատակն է կանխել Ռուսաստանի կողմից հնարավոր նոր ներխուժումները։
Մի շարք եվրոպացի պաշտոնյաներ ավելի վաղ նման միջադեպերը գնահատել էին որպես ՆԱՏՕ-ի արձագանքը փորձարկելու փորձ։
Միաժամանակ Կրեմլը հերքել է Եվրոպայում անհայտ անօդաչու թռչող սարքերի մի շարք թռիչքների հետևում Ռուսաստանի կանգնած լինելու վերաբերյալ մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։
Անի Վարդանյան




























