Գյումրու քաղաքապետի պաշտոնի շուրջ ընթացող իրադարձություններն իրենց վրա են բեւեռել հասարակության ու մամուլի ուշադրությունը: Հիմնական ինտրիգը ոչ միայն ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարելն է, այլեւ այն փաստը, որ ՀՀԿ-ն իր կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանին արգելել է ընդհանրապես մասնակցել ընտրություններին, այդ թվում եւ՝ ինքնաառաջադրվել: Նկատենք, որ նման գործելաոճը ՀՀԿ-ին հատուկ է. ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն թիվ 15 ընտրատարածքում արգելեց պատգամավորի թեկնածու առաջադրվել այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց Մանուկյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչով է զբաղվում արդեն նախկին պատգամավորը:
-Ձեր պատգամավորական լիազորությունների ավարտից հետո հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա հանգստանում եմ: Հանգստանում եմ՝ բոլոր առումներով:
-Ինչո՞ւ, քաղաքականությունից դո՞ւրս եք եկել:
-Ես քաղաքականությունից երբեք դուրս չեմ գա:
-ՀՀԿ-ից նեղացա՞ծ չեք, որ չթողեցին՝ պատգամավոր առաջադրվեք:
-Չէ՛: Հո կուսակցությունը հարսանիքի կամ ուրիշ խնդի՞ր չէ, որ նեղանամ կամ ոչ: Կուսակցությունն իր խնդիրներն ունի. ոնց որոշում է, այնպես էլ լինում է:
-Ձեր փոխարեն ընտրված պատգամավորը՝ Մնացական Մնացականյանը, արդյոք կկարողանա արդյունավետ գործել:
-Ինքը պարտավոր է արդյունավետ գործել: Այն շարունակությունը, որ ես եմ թողել, ինքը չի կարող այդ պլանկայից իջնել:
-Իսկ նա կկարողանա՞ պահել այդ «պլանկան», թե՞ ոչ:
-Միգուցե նաեւ չկարողանա:
-Թալինի քաղաքապետի ընտրություններին միջամտելո՞ւ եք:
-Քաղաքում չեմ, հանգստանում եմ, ո՞նց կարող եմ միջամտել:
-Այսինքն՝ Ձեր մարզի գործերով այլեւս չե՞ք զբաղվում:
-Ո՞նց չեմ զբաղվում: Զբաղվում եմ: Հարցերը եթե ինձ մոտ են գալիս, զբաղվում եմ, այլ տարբերակ չկա:
-Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո ե՞ւս զբաղվում եք բիզնեսով:
-Բիզնեսով զբաղվում եմ:
-Բայց ասում էին՝ Ձեզանից խլել են բիզնեսը:
-Բացառված է, նման բան չկա:
-Որպես նախկին պատգամավոր՝ գո՞հ եք ԱԺ այս կազմից: Ա՞յս խորհրդարանն էր լավը, թե՞ նախորդը:
-Նախկին խորհրդարանն ավելի ուժեղ էր, քան այս մեկը:
-Ինչո՞վ էր ուժեղ:
-Աշխատանքով: Հիմա դեռ նոր պետք է իրար ճանաչեն, հստակեցնեն, իրար հետ աշխատեն: Բայց նախկինի թիմը ճանաչում էր իրեն:
-Դուք, երկու անգամ լինելով պատգամավոր, նույնիսկ ՀՀԿ ցուցակով չմտաք խորհրդարան, իսկ ի՞նչ է նշանակում այն հանգամանքը, որ ՀՀԿ ցուցակով այլ կուսակցությունների ներկայացուցիչներ են մտել ԱԺ:
-Սա նշանակում է, որ այդ մարդիկ աշխատում են ՀՀԿ-ի ծրագրերն իրագործել: ՀՀԿ ծրագրերն այնքան լավն են, որ բոլորի դուրն էլ գալիս է, եւ մարդիկ, նայելով այդ ծրագիրը, ուզում են իրենք էլ իրագործեն:
-Քաղաքականության մեջ նոր հասկացություն է մտել՝ հայկական պարադոքս. գնալով ավելանում է աղքատության թիվը, դրան զուգահեռ ավելանում է նաեւ իշխող կուսակցության՝ ընտրություններում ստացած ձայների թիվը: Այդ պարադոքսն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես չգիտեմ, այդ վիճակագրությանը ծանոթ չեմ: Բայց որ մի քիչ նայում ես, այո՛, տեսնում ես աղքատությունը, կա նման բան: Սակայն հստակ մոնիթորինգ արված չէ, եւ ես չեմ կարող ասել՝ այդպես է, թե ոչ:
-Վիճակագրություն կա՝ նախկինում աղքատությունը 17 տոկոս էր, հիմա՝ 36: Սոցիալական պայմանների վատթարացմանը զուգահեռ աճում են ՀՀԿ-ի ձայները. նախկինում մոտ 30 տոկոս էր, այս ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ 44 տոկոս:
-Դե ուրեմն ժողովուրդը մի բան գիտի, որ այդպես է անում: Ժողովուրդը հո հենց այնպես մեզ ձայն չի՞ տվել: Ժողովուրդը հենց այնպես ո՞նց կարող է ձայն տալ:
-Գուցե փողի դիմաց են տվել:
-Ինչու քի՞չ են փող ունեցող մարդիկ: Ախր այդպես չէ էլի: Ինչ-որ բաներ արվում են, այլապես մարդիկ հենց այնպես ձայն չէին տա: Ուրեմն նրանք ինչ-որ բան տեսնում են:
«ՊԼԱՆԿԱՅԻՑ» ՑԱԾՐ ՉԻՋՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ