Այդ կեղծ արվեստը թատրոնի հետ կապ չունի. Ելենա Բորիսենկո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ում նախկինում հաճախ կարելի էր տեսնել էկրաններին, այժմ նշում է, որ այլեւս չի ուզում վերադառնալ հեռուստատեսություն: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է սերիալներից խուսափելու պատճառներին, խոսել է նաեւ այսօրվա թատերական կյանքից՝ նկատելով, որ այդ ոլորտում չափազանց շատ են «կեղծ արվեստի» ներկայացուցիչները:

-Տեւական ժամանակ էկրանին երեւալուց հետո հանկարծ «անհետացաք» այնտեղից, եւ Ձեզ հեռուստատեսությամբ այլեւս չտեսանք, ինչո՞ւ:

-Սերիալում հայտնվելը սկզբնական շրջանում ինձ համար սթրես էր: Ճիշտ է՝ հետո ժամանակի ընթացքում սկսեցի ընդունել այն, ինչ անում էի, գտա իմ մասնագիտությունը նաեւ դրանում, սակայն ինձ համար սերիալի կատարած առաքելությունը համարում եմ ավարտված, եւ այլեւս չեմ ուզում վերադառնալ հեռուստատեսություն: Ինձ բազմիցս առաջարկել են հանդես գալ որպես հաղորդավար, բայց այդ գործն ինձ հետ կապ չունի: Առհասարակ, հեռուստատեսության նկատմամբ միշտ եմ հակակրանք ունեցել. դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է:

-Մի առիթով նշել եք, որ հեռուստատեսությունը թողնելով` Ձեր տեղը զիջել եք անտաղանդներին. չե՞ք փոշմանել:

-Գիտեք` երբ դուրս ես գալիս հեռուստատեսությունից, որոշ ժամանակ անց զգում ես, թե քո շուրջ որքան մաքուր է օդը: Ոլորտն անտաղանդներին թողնելու առումով չեմ փոշմանել: Եթե նրանք «ձեռնտու» են հեռուստաընկերություններին, վարկանիշ բարձրացնողներ են, ի սեր Աստծո, չփորձենք մտնել մարդկանց գրպանները: Ես արդեն վաղուց դադարել եմ հողմաղացների դեմ պայքարել: Անտաղանդների բարձր վարկանիշը մի ֆենոմեն է, որի դեմ դուրս գալն անիմաստ է: Վատ է, որ այսպես եմ ասում, պարզապես իրավիճակից ելք չեմ տեսնում:

10334399_788151767884874_7176246658651959014_n

-«Պատուհան» թատրոնից դուրս գալուց հետո, կարծես, Ձեզ չեք վերագտնում թատերական աշխարհում, ոչ մի կերպ չեք կարողանում լրացնել այդ բացը…

-Շատ եմ կարոտում «Պատուհան»-ը, որտեղ իմ դերասան տեսակն է ձեւավորվել, թատրոնը հենց դա էր, դա ուրիշ աշխարհ էր…(հուզվում է): Այդ բացը ոչ մի թատրոն երբեւէ չի լրացնի: Այնտեղ տիրող մթնոլորտը, հավաքված դերասանները էլ չեն լինի…Հիմա պատրաստվում եմ ներկայանալ մի անտերպրիզային ներկայացման շրջանակներում, շուտով կսկսվեն փորձերը: Իսկ, առհասարակ, աշխատում եմ քիչ հաճախել թատրոններ, ինձ այնքան էլ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եմ այնտեղ: Վերջերս ինձ հրավիրել էին մի ներկայացման, որը դիտելուց հետո ուղղակի սարսափահար էի եղել…Մի ամբողջ խմբում մի դերասան չտեսա, բոլորի մեջ մտել էր այն սուտը, «ճիշտ» խոսքը, «ճիշտ» ձայնը, իսկ այդ կեղծ արվեստը թատրոնի հետ կապ չունի: Ցավն այն է, որ նրանց ինստիտուտում են այդպիսին դարձնում…Այս ամենը, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է…

-Նկարահանվել եք «Մեռյալ հովիտ» սարսափ ֆիլմում. տգեղ, սարսափելի երեւալուց չե՞ք վախենում:

-Դա փորձ էր, իսկ այդպիսի կերպարով ներկայանալուց չեմ վախենում, ասեմ ավելին` երբ մարդիկ ինձ փողոցում տեսնում են, ասում են. «Վայ, ինչ սիրուն եք…»: Քանի որ էկրանից ես հանդես եմ գալիս «ոչ շահեկան» տեսքով, նրանք ինձ իրականում տեսնելով` հաճելիորեն զարմանում են (ծիծաղում է):

10308201_782788641754520_3906893922918557395_n

-Այն, որ Դուք չափազանց էմոցիոնալ եք, գաղտնիք չէ. հետաքրքիր է` այդ հանգամանքը երբեւէ խանգարե՞լ է Ձեզ:

-Ես էմոցիոնալ եմ բեմում, եւ երեւի թե այդ պաշտպանողական ռեակցիան, որ եկել է հենց այնտեղից, կիրառում եմ նաեւ կյանքում: Ամեն դեպքում, ես կարողանում եմ ինձ արագ հավաքել, իմ էմոցիաները կառավարելի են: Խանգարել կարող են արցունքներս, այդ դավաճան արցունքներս… (ծիծաղում է):

-Դուք ոչ միայն ոչ սովորական մտածելակերպով դերասանուհի եք, այլեւ կին…Այդ հանգամանքն, ի վերջո, Ձեզ երջանկացրե՞լ է:

-Մարդը կա՛մ երջանիկ է, կա՛մ ոչ: Ես երջանիկ տեսակ եմ: Ինչ վերաբերում է անձնականիս, կարծում եմ` գաղտնիք չէ, որ ես ամուսնալուծված եմ եւ այլն…Երբեմն գալիս է մի պահ, երբ մտածում եմ` ինչ լավ կլիներ, եթե ես ամուսնացած կին լինեի, մինչեւ կյանքիս վերջ ապրեի բամբակների, փետուրների մեջ: Բայց հետո գալիս եմ այն մտքին, որ այդպես լավ չէր լինի: Ամեն մեկն ունի իր ճանապարհը, իսկ իմ ուղին քարքարոտ է, որն անցնում եմ ժպտալով…

Աննա Բաբաջանյան




Լրահոս