Օրերս ֆրանսիական մամուլն անդրադարձել է հայ երիտասարդ փաստաբանի գրանցած հաջողությանը: Մարսելի փաստաբանական դպրոցի 25-ամյա հայ խոստումնալից ուսանողուհի Աշխեն Հարությունյանը, հաղթահարելով փաստաբանական դպրոցների ուսանողների մրցույթի նախընտրական փուլը, անցել է մրցույթի եզրափակիչ: laprovence.com-ի փոխանցմամբ՝ արդեն եզրափակչում հայուհին 11 ուսանողների հետ հրավիրվել է հանրությանը ներկայացնելու մարդու իրավունքների խախտման մի դեպք: Մեր հայրենակցուհին անդրադառնալու է 2014 թվականի հունվարին Մարսելի նավահանգստում խեղդված մի գվինեացու հետ կապված դեպքին: Վերջինս երկար ճանապարհ կտրելուց հետո բազում անգամներ ապաստան էր խնդրել, իսկ մերժվելուց հետո ծովը նետվելով՝ ինքնասպան էր եղել: Ինչպես գրում է թերթը, Աշխենը ներկայացնելու է այն ողջ պրոցեսը, որի միջով անցել է երիտասարդ Ժոզեֆը: Հայ իրավաբանն այն համոզման է, որ այս դժբախտ դեպքի մասին պետք է իրազեկ լինի ողջ աշխարհը:
Հատկանշական է, որ երիտասարդ տարիքում մեր հայրենակցուհուն հաջողվել է իր ձայնը լսելի դարձնել լայն մասսաներին եւ անել հնարավորը, որպեսզի մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հանդեպ անտարբերությունը նվազի: Նշենք, որ մրցույթի ժյուրիի կազմում լինելու է իրավաբանական ոլորտի 11 հեղինակավոր ներկայացուցիչ:
Ուշագրավ է, որ ֆրանսիական թերթն անդրադարձել է նաեւ Աշխենի կենսագրության որոշ մանրամասների՝ տեղեկացնելով, որ երիտասարդ իրավաբանը Երեւանում կրթություն ստանալուց հետո՝ 2010 թվականին, բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ էլ ցանկություն ունի ծավալելու իրավաբանի իր կարիերան:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Աշխեն Հարությունյանի հետ եւ պարզեց՝ արդյոք մեր հայրենակցուհին իր իրավաբանական գործունեության շրջանակում մտադիր է անդրադառնալ մեր ազգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության թեմային: «Դա իմ առաջնային նպատակներից է: Կոնկրետ այս վերջին մրցույթի ֆորմատը դա թույլ չէր տալիս անել, քանի որ ինձնից պահանջվում էր մարդու իրավունքների ոտնահարման ակտուալ դեպք, սակայն նպատակ եւ ծրագրեր ունեմ հետագայում անպայման անդրադառնալու այդ թեմային: Կարծում եմ՝ փաստաբանական դպրոցն ավարտելուց հետո իմ առջեւ առավել լայն շանսեր կբացվեն, եւ գուցե այդ դեպքում հնարավոր լինի իրավաբանորեն պայքարել»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Աննա Բաբաջանյան