ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԶԻՋՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա եղավ սելեկցիոն կայանում փոխմարզպետերի եւ փոխնախարարի ուղեկցությամբ: Ուշագրավն այն է, որ կառավարության ղեկավարը չայցելեց այն գյուղական բնակավայրեր, որտեղ ցորենի էլիտար սերմացուն լավ բերք չի տվել, որտեղ գյուղացիներն ուղղակի անելանելի վիճակում են հայտնվել հենց այն պատճառով, որ պարտավոր են պետությունից վերցված սերմացուի կրկնակին վերադարձնել, այլ եղավ սելեկցիոն կայանում, որտեղ ցորենի բավականին լավ բերք կա տարբեր պատճառներով:
Նախ` կայանում հատուկ մասնագետներ են աշխատում, ժամանակին ջրում են, ժամանակին պարարտացնում եւ այլն: Նույն պայմանները շարքային գյուղացին չի կարող ապահովել: Սակայն վարչապետը եկավ սելեկցիոն կայան «պատասխանատու» լրատվամիջոցների ուղեկցությամբ, որոնք, անշուշտ, կհայտարարեն, որ ոչ թե ցորենի սերմն էր վատը, այլ ֆերմերը լավ պայմաններ չի ստեղծել. սելեկցիոնի օրինակը կմտցնեն գյուղացու աչքը, թե տես, որ էլիտար սերմը խաբեություն չէր:
Հենց կայանում գումարված փակ խորհրդակցության ժամանակ որոշում կայացվեց, որ գումարային փոխհատուցում կամ զիջում գյուղացիներին չի լինելու: Փոխնախարարն էլ «ելք» առաջարկեց՝ սերմը չեն կարող վերադարձնել, թող փողը տան: Գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը շեշտեց, որ ցորենի ցածր բերքատվության հետ կապված խնդիր ունեն հատկապես անջրդի տարածքներում: «Նախորդ տարվա ցուցանիշը այս տարվա ցուցանիշից բարձր է: Բացի ագրոտեխնիկական կանոնների պահպանումից, ոռոգումից, բնությունն էլ պետք է մի քիչ կամենա, որ բերքը լավ լինի»,-վատ բերք ստանալու մեղքը բնության վրա բարդեց գյուղատնտեսության վարչության պետը:
Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գեւորգյանը թերեւս ֆերմերների դժգոհությունը կանխելու համար որոշեց ուրախ տրամադրությամբ լավատեսական հայտարարություններ անել: Նրա կարծիքով՝ այս տարի բերքն ամենեւին էլ վատը չէ: Ճիշտ է, որոշ տեղերում ցածրացողուն ցորեն է՝ համեմատաբար ցածր բերքատվությամբ, բայց դա ընդհանուր պատկերի վրա չի ազդի, եւ երկրում հացի խնդիր չի լինի: Ս. Գեւորգյանն ասում է, թե ամեն տարի 250-350.000 տոննայի չափով ցորեն են ներկրել՝ հայաստանյան ներքին պահանջները բավարարելու համար: Ներկրող կազմակերպությունները, որոնք մասնավոր ընկերություններ են, կարողացել են տարբեր երկրներից ցորեն հասցնել Հայաստան:
«Նույնիսկ էմբարգոյի ժամանակ մենք կարողացանք ցորեն ներկրել: Հիմա բանակցությունները շարունակվում են: Ներկրման գործընթացում խաթարումներ տեղի չեն ունենա»,-նշեց Ս. Գեւորգյանը:
Իսկ Տ. Սարգսյանը կտրականապես հրաժարվեց հարցազրույց տալ: Փակ խորհրդակցության ժամանակ էլ լրագրողներին հորդորեց չխանգարել իրենց եւ դուրս գալ հանդիպման սենյակից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս