Առցանց կինոփառատոն՝ առանց ժանրային սահմանափակումների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորրորդ տարին է՝ հայ ռեժիսորներն ունեն համացանցի միջոցով աշխարհին ներկայանալու հնարավորություն: «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը մինչեւ փետրվարի 20-ը ընդունում է մեծ թվով ֆիլմեր: Փառատոնի կազմակերպիչներից Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ օնլայն կինոփառատոնի նախադեպը Հայաստանում չի եղել:

Նրա խոսքով՝ եթե տարբեր այլ փառատոններ ունեն ժանրային առումով որոշակի սահմանափակումներ, ապա «WEB Ծիրան»-ի դեպքում դրանք չկան. միակ սահմանափակումն առնչվում է ֆիլմի տեւողությանը՝ 30 րոպե:
«Ժամանակները փոխվել են, եւ այժմ պարտադիր չէ, որ ֆիլմերը նկարահանվեն հսկայական բյուջեով, ներկայացվեն մեծ դահլիճներում: Կարեւորը գաղափար ունենալն է, եւ այն, թե ինչ արտահայտչամիջոցով է այն ներկայացվում»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Ա. Մանուկյանը:

Նրա համոզմամբ՝ այս փառատոնը ֆինանսական տեսանկյունից եւս ձեռնտու է մասնակցի համար. «Փառատոնն այս տարի 2-րդ անգամ կներկայացնի նաեւ «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ» ծրագիրը, որին կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարթֆոններով նկարահանված ֆիլմեր»,-մանրամասնեց նա:

Կինոփառատոնի մասնակիցները հնարավորություն կստանան մեծ թվով դիտումներ հավաքել օնլայն տիրույթում:
Այս 4 տարիների ընթացքում փառատոնն ունեցել է մասնակիցներ Շվեդիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ մշակույթի նախարարությունը որեւէ կերպ աջակցում է առցանց կինոփառատոնի կայացմանը, Ա. Մանուկյանը պատասխանեց.«Կարծում եմ՝ անգամ տեղյակ չէ դրա մասին»:

Հիշեցնենք, որ փառատոնի կազմակերպիչներն են webtv.am  մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Հաղթողի համար սահմանվել է 400.000 ՀՀ դրամ մրցանակ, երկու մասնակից էլ կստանան խրախուսական մրցանակներ: Նրանք կստանան նաեւ 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն:
Կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. մարտի վերջին տասնօրյակում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Փառատոնի արդյունքներն ամփոփելու է պրոֆեսիոնալ ժյուրին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս