ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության վերնախավը որոշել է այս հինգշաբթի հրավիրել կուսակցության խորհուրդի նիստ, որի ընթացքում ազդարարվելու է սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին: Անցած տարի, երբ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իր որոշման մասին կտեղեկացնի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը որոշել է սահմանադրական փոփոխությունների մասին իր դիրքորոշումը հայտարարել փետրվարի 12-ին` ՀՀԿ խորհուրդի նիստում: Ի դեպ, ՀՀԿ-ի խորհուրդը փաստացի իր մեջ ներառում է Հայաստանի ողջ ղեկավար կազմը` ՀՀԿ անդամ նախարարներ, պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ եւ այսպես շարունակ:

 

 

 

 
Հայաստանի տրանսպորտի «մաֆիան» որոշել է Երեւանի բնակչությանը հերթական հարվածը հասցնել: Այդ «մաֆիայի» շահերը սպասարկող Երեւանի քաղաքապետարանն այս տարվա սկզբին շահագործումից հանեց թվով վեց ավտոբուսային երթուղիներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը եւ տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ եւ առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն: Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը: Այլ կերպ ասած՝ տրանսպորտի «մաֆիան» եւ Երեւանի քաղաքապետարանը չհայտարարված պատերազմ են սկսել մայրաքաղաքի բնակչության դեմ:

 

 

 

 
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ էլ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ: Ավելին՝ պարզվում է՝ ՀՊՃՀ-ի ուսխորհուրդի նախագահը ռեկտորի պաշտոնակատարի հարցով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարար Աշոտյանը որոշել է կանգնել ուսանողների կողքին եւ այդպիսի բովանդակությամբ պատասխան է ուղարկել բուհ: Ու եթե Թոքմաջյանին չհաջողվի այս պատմությունն իր օգտին լուծել, ապա այլեւս կարող է հույս չունենալ, որ կընտրվի ռեկտորի պաշտոնում: Նպատակ, որի համար սկսվել է այս ողջ պատմությունը:

 

 

 

 

ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, որին դիմակավորված անձինք փետրվարի 7-ին ծեծի էին ենթարկել, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Արկադիկի (ենթադրվում է, որ ազգանունը Խաչատրյան) հորեղբոր որդին է: Այս հանգամանքը ստեղծված իրավիճակն առավել քան ուշագրավ է դարձնում: Առանց այդ էլ ԲՀԿ ակտիվիստին ծեծելու փաստը ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, քանի որ մինչ այս, որպես կանոն, հարձակման էին ենթարկվում ընդդիմադիր հայացքների տեր գործիչներն ու ակտիվիստները: Իսկ այժմ պարզվում է, որ իշխանական էլիտայի պաշտպանության տակ գտնվող անձինք եւս կարող են հարձակման թիրախ դառնալ: Երեկ հայտնի դարձավ, որ պարզվել է մինչեւ Արտակ Խաչատրյանի առեւանգումը նրան հետապնդած ավտոմեքենայի մակնիշը` սեւ «Տոյոտա Կորոլա»: Եթե ՀՀ ոստիկանությանը հաջողվի բացահայտել այս պատմությունը, ապա նրանք կհերքեն տեղի ունեցածի հետ կապ ունենալու վերաբերյալ բոլոր կասկածները: Ի դեպ, լուրեր կան, որ Արտակը ծեծից առաջ հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ:

 

 

 

 

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ

Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը նախագահական նստավայր էր հրավիրել ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմին՝ նրանց հետ խորհրդակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին առնչվող հարցերի մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում եւ արտերկրում անցկացվելիք բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ՝ ծրագրի՝ բարձր մակարդակով իրականացման գործում պետական մարմինների մասնակցությանը վերաբերող հարցեր»:
Այս խորհրդակցությունից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ ՀՀ մարզպետները: Գործադիրի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ «խորհրդակցության ընթացքում արծարծվել են ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին եւ հնարավորություններին առնչվող հարցեր: ՀՀ մարզպետները ներկայացրել են տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ առկա խնդիրները… Անդրադարձ է եղել նաեւ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի ընթացքին»:
Ասել է թե՝ հայրենի պաշտոնյաները գիշերն անհանգիստ էին: Նրանք նախանձելի միասնականությամբ քննարկեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերը, որն, ինչ խոսք, ողջունելի էր: Պարզապես անհասկանալի է, թե ինչու է մեր ազգային ցավին առնչվող խնդիրը քննարկվում բացառապես պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Արդյո՞ք հասարակական սեկտորն այստեղ անելիք չունի: Վերջիվերջո, տասնյակ տարիներ շարունակ նույն այդ էլիտան՝ որոշ ձեւափոխումներով, շատ գործառույթներ է իրականացրել ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ դիվանագիտական այլ «ճակատներում», եւ առանձնապես փայլուն արդյունքների մասին այսօր չենք կարողանում խոսել: Գուցե արժեր վերանայե՞լ որոշ բաներ: Եւ բացի այդ՝ ի՞նչ իմաստ ուներ մեր ազգային վշտի քննարկումից հետո գործադիրում անդրադառնալ, օրինակ, համայնքների խոշորացման խնդրին: Արդյո՞ք նախագահականում ամեն ինչի մասին այդքան մանրամասն էր խոսվել, որ այլեւս ոչինչ չկար գործադիրում պայմանավորվելու: Արդյո՞ք մեր մարզային իշխանիկներն այդքան արագ կողմնորոշվեցին, թե որն է իրենց կոնկրետ անելիքը:
Հուսանք, որ մեր երկրի ու հայ ժողովրդի համար կարեւորագույն այս միջոցառումը՝ 100-րդ տարելիցին նվիրված, իսկապես կանցնի ամենաբարձր մակարդակով՝ առանց ձախողումների: Գոնե մեկ անգամ կարողանանք իսկապես միասնաբար աշխարհին մեկ պահանջ ձեւակերպել:




Լրահոս