Բեռլինում փետրվարի 21-ին կկայանա WBO վարկածով երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի միջև ռևանշը: Մենամարտի շեմին Արթուրը հարցազրույց է տվել կայանալիք իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ պատմել բռնցքամարտում իր նպատակների մասին:
«Մեր առաջին մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սմիթին ասել էի, որ ես պատվի մարդ եմ, և եթե նա ռևանշ ցանկանա, ես կկատարեմ նրա ցանկությունը»,- պատմել է Աբրահամը՝ հայտարարելով, որ փետրվարի 21-ին նոկաուտով հաղթանակի ժամանակը կգա:
Պատասխանելով այն հարցին, թե դեռ ինչքան ժամանակ 35-ամյա Արթուր Աբրահամն ի վիճակ կլինի բարձր մակարդակով ելույթ ունենալ, հայազգի աշխարհի չեմպիոնը պատասխանել է.
«Կարծում եմ` 2-3 տարի: Ես մեծ հաճույքով ժամանակ եմ անցկացնում բարձունքում, և հեռանալու մասին մտածելու ոչ մի պատճառ չունեմ:
Արթուրը Սմիթի հետ ռևանշից առաջ նրան զգուշացրել է. «Զգույշ եղի՛ր քո ցանկություններում: Փետրվարի 21-ը կլինի «Դատաստանի օրը»: