ՎԱՐԴԱՎԱՌԸ՝ ԴԱՐՁԻ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում վարդավառը նշում են ոչ թե եկեղեցական տոնացույցով, այլ օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը: Այս տարի դա օգոստոսի 5-ն էր: Ռուսաստանաբնակ ոսկեպարցիները վարդավառին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ինքնաթիռային չվերթերով եւ ավտոմեքենաներով: Վարդավառը տարվա միակ օրն է, երբ ՌԴ-ում հիմնական բնակություն հաստատած ոսկեպարցիները վերադառնում են իրենց բնօրրան: Ցավոք, Հայաստանի անկախացումից հետո ոսկեպարցիների զգալի մասն արտագաղթել է: Նրանք ապրում են ՌԴ Բելգորոդի մարզի Ստարի Օսկալ քաղաքում, Վորոնեժում եւ այլուր: 1980-ականների սկզբին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Հիմա միջնակարգ դպրոցն ունի 101 աշակերտ: Այս տարի կրթօջախն ունեցել է 13 շրջանավարտ, իսկ աշնանն առաջին անգամ դպրոց կհաճախի ոսկեպարցի 6 երեխա: Ներկայում, թեեւ փոքր չափերով, սակայն արտագաղթը շարունակվում է: Սահմանամերձ, հերոսական տարեգրություն ունեցող Ոսկեպարում շատ են ծերերը: Երիտասարդությունը գերադասում է ապրել այնտեղ, որտեղ կյանքի պայմաններն ավելի լավ են, աշխատանքի եւ հանգստի հնարավորություններն` ավելի մեծ:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս