«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած զինվորի մայր Արմինե Ասատրյանը դեռ չի կորցրել իր հավատը: Անապահով ընտանիքի մայրն ունի մեկ ցանկություն, որ որդիները միասին ծառայեն հայոց բանակում, ինքը հանգիստ խղճով գլուխը դնի բարձին եւ հպարտ քնի, որ երկու զինվոր ունի, որոնք իրենց հայրենիքի հանդեպ պարտքն են կատարում:
40-ամյա Արմինեն Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով հեռացել էր հայրենիքից` փորձելով օրվա հացը վաստակել օտար հողում` Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում: «Ամուսինս բանվորություն էր անում, իսկ ես երեխաներիս խնամքով էի զբաղվում, միեւնույն ժամանակ թխվածքների պատվերներ էի ընդունում: Տղաներս մեծանում էին օտար հողում: Շատ դժվար է երեխային, այն էլ տղա երեխաներին, հայեցի մեծացնել: Հաշվի չառնելով մեր սոցիալական վատ վիճակը` վերադարձանք հայրենիք, որ տղաներս իրենց հող ու ջրին հարիր մեծանան»,-ասաց Արմինեն:
Փարոսի անդամ անապահով ընտանիքի մայրը 2011թ. մայիսին մեծ տղային` Միշային, ճանապարհում է բանակ. «Այդ ժամանակ շատ վատ վիճակում էինք, ես ծանր վիճակում էի, զոբ ունեի, բայց երեխաներիս անհանգստություն չպատճառելու համար չէի ասում նրանց: Է՜հ, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չենք դիմում բժշկի: Ինձ վիրահատեցին, այն էլ անվճար, քանի որ զինվոր ունեմ բանակում»:
Զինվորի մայրը ցավով էր խոսում բոլոր այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում բանակում, ու մեզ հետ զրույցում հազիվ էր կարողանում զսպել արցունքները. «Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ լսում եմ զինվորի մահվան մասին: Երբ խոսում եմ տղայիս հետ, ասում է, թե մա՛մ ջան, Ստեփանավանի չաստը շատ լավ չաստ է, լավ կլիներ՝ ախպերս էլ ինձ հետ լիներ, որ դու հանգիստ լինեիր, մենք էլ քեզ հետ հանգիստ մեր ծառայությունը կատարեինք»:
Արմինեի ընտանիքում այսօր ոչ ոք չի աշխատում, բարեկամներն ու հարազատներն են օգնում: Ինքն էլ ծանոթների խանութներում տնական խաչապուրի է թխում ու փորձում օրվա հացի փող աշխատել:
Շուտով ծառայության կմեկնի նրա երկրորդ որդին` Նարեկը: Սոցիալապես անապահով ընտանիքի մոր` «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելելու միակ նպատակն այն էր, որ օգնենք, որպեսզի տղաները լինեն միասին ու իրենց ծառայությունն անցկացնեն Ստեփանավանի N զորամասում. «Մեկն ասում է՝ ա՛յ մարդ, դու էլ հույս ունես, որ էս երկրում առանց փող բան կանե՞ն, մյուսն էլ ասում է թե` մոռացի՛, էդ օրենքը վաղուց չի գործում, իսկ հիմա վիճակը խառն է, դու էլ դրել նամակ ես ուզում գրել կամ էլ խնդրել նրանց, մոռացի՛, նրանց մոտ խնդրանքը չի անցնում»:
«Ժողովուրդ»-ը, ընդառաջելով զինվորի մոր խնդրանքին, դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն: Մեզ հետ զրույցում նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը չի գործում, բայց կան դեպքեր, երբ ընդառաջում են. «Զինվորի մայրը պետք է նամակ ուղղի իրենց տարածքի զինկոմիսարիատ, միգուցե ընդառաջեն: Կան մի քանի նրբություններ, որոնք զինկոմիսարիատը կուսումնասիրի եւ համապատասխան որոշում կկայացնի` տվյալ զորամասի հետ կապված»: Հուսով ենք, որ զինկոմիսարիատում հնարավորության դեպքում կաջակցեն տիկին Արմինեի խնդրանքին:
ՄՈՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ