ՏՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՁԵՌՆՏՈՒ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ա՛յ բալա ջան, չեմ էլ հասցրել մրգերի համը տեսնել, էլ ուր մնաց՝ պահածո փակեմ: Խանութներում ինչ զակատ ասես  ծախում են, չնայած համն ու գինն իրար չեն բռնում, բայց պետք եղած ժամանակ գնում ենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասում է տնտեսագետ Մարինե Վարդանյանը՝ հավելելով, որ չի գերադասում  պահածոյացված  սննդով կերակրել ընտանիքին, քանի որ, ինչպես ինքն է նշում, եղել են պահածոյից  թունավորման բազմաթիվ դեպքեր:
Գաղտնիք չէ, որ հայերս սիրում ենք ճաշակել տնական եղանակով պատրաստված պահածոները. ախր մերն ուրիշ է: Եվ հետո, այդպես նաեւ էժան է ստացվում: Միայն թե, չնայած արդեն իսկ մեկնարկել է պահածո փակելու «սեզոնը», բայց այս տարի առանձնապես մեծ չէ եռուզեռը: Մայրաքաղաքի մի քանի շուկայում եւ խանութներում «Ժողովուրդ»-ի դիտարկումները ցույց տվեցին՝ հայ տանտիրուհիները չեն շտապում գնումներ կատարել կոմպոտների, մուրաբաների եւ բանջարեղենի պահածոներ պատրաստելու համար: Իսկ պատճառն ամենեւին այն չէ, որ նրանք հետեւում են մասնագետների խորհրդին ու ձեռնպահ մնում տնային պայմաներում ամառային բարիքներն ամբարելուց, պարզապես այս տարի ամեն ինչ շատ ավելի թանկ է:
«Շատ թանկ է, էս գնով եթե միրգը ձեռք բերենք, գումարած դրան անհրաժեշտ պարագաները, մի բանկան 1000 դրամից ավելի կնստի մեզ վրա: Հիմա ավելի լավ է գնենք էդ ամեն ինչը, քան ինքներս պատրաստենք. էդպես ապահով է, նաեւ՝ էժան,-ասում է Կարինե Հովհաննիսյանն ու հավելում, որ մինչեւ այս տարի ինքը պարտադիր  կերպով պահածոներ է փակել,-ձեռքս չի գնում թանկ-թանկ առնել, բանկան լցնել: Կափարիչը թանկացել է, շաքարավազի մասին չեմ էլ խոսում: Մի խոսքով, ավելի նպատակահարմար է՝ խանութից գնենք»:
Իսկ Նազիկ տատիկը մեզ հետ զրույցում ասաց, թե նախընտրում է պահածոների մի քանի տեսակ պատրաստել, որպեսզի տանեցիները «համը չմոռանան»: «Թազա հավեր են եկել, ոսկե ձվեր են ածում: Հարսներս եկել են, էն ավանդական պոմիդորի, վարունգի  մարինադները հազար տեսակ ձեւափոխել են, ուտում ես ու չես հասկանում՝ թթու ա, մարինադ ա, ինչ զիբիլ ա,-ասում է նա ու շարունակում,-նախկինում 100-200 հատ էի փակում, հիմի չեմ կարում զակատել, արտադրողների աչքը լույս»:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ արտադրողներից ճշտել, թե ինչպես է հայկական շուկայում իրականացվում պահածոյի իրացումը, եւ ընդհանրապես, ինչ վերաբերմունք ունի տեղական սպառողը դրա նկատմամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդիներին պատկանող «Արտֆուդ» ընկերության մարքեթինգի եւ գովազդի բաժնից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ պարզաբանելով, որ հարցերի ենթատեքստում կա ընկերության «կոմերցիոն գաղտնիքները բացահայտելու» միտում: «Ես խոսել եմ տնօրինության հետ, ինձ ասել են, որ դա ելնում է մեր գնային ռազմավարությունից, ուստի մենք չենք կարող Ձեր հարցերին պատասխանել»,-ասաց բաժնի աշխատակից Գոհարիկը: Թե ինչ ունի թաքցնելու «Արտֆուդ» ընկերությունն իր սպառողից, այդպես էլ անհասկանալի մնաց:
«Մեր հիմնական արտադրանքը պահածոյագործությունը չէ, ուստի մեր գործարանը աշխատում է ըստ հզորության, այլ ոչ ըստ պահանջարկի: Չեմ կարող ասել, թե քանի հատ պահածո ենք արտադրում, սակայն նշեմ, որ մինչ սեզոնի վերջը՝ ապրիլ-մայիս ամիսները, մեր ապրանքատեսականին իրացման ցանցերում սպառված է լինում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «ՄԱՊ» ընկերության մարքեթինգի գծով տնօրենի տեղակալ Շուշան Կարապետյանը: Վերջինս հավելեց, որ պահածոների գինը նախորդ տարիների համեմատությամբ, ըստ տարայի տարողության, կգ-ի հաշվով թանկացել է 50-60 դրամով: Այս հանգամանքը վերջինս բացատրեց մրգերի եւ բանջարեղենի, պահածոյի անհրաժեշտ պարագաների եւ գազի գնի տարեցտարի թանկացմամբ: Հարցին, թե ինչու ամառային սեզոնին իրացման ցանցերում պահածոների գինը չի իջնում, Շ. Կարապետյանը պատասխանեց. «Պահածոյի գինը հաշվվում է ըստ ծախսերի, որի մեջ ներառվում են տարան, կափարիչը, հումքը, աշխատուժը, էլեկտրաէներգիան, գազը, ջուրը եւ այլն: Ուստի գնի իջեցում չպետք է ակնկալել»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս