ԿՐԿԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ
Իրանում չեն դադարում երկրաշարժերը: Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ երեկ՝ ժամը 21:49-ին, գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 21 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ըստ ԱԻՆ-ի՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ: Այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի կողմից 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել` Գյումրու Շարլ Ազնավուրի անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք բաժանելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ ընթացած նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5-հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ-ի օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Շ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ընտրակաշառք ստացած քաղաքացիների մասով 2012թ. օգոստոսի 9-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գործուն զղջման հիմքով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, Շ. Մելքոնյանն ազատության մեջ է:
ՆՈՐ ԿՑՈՐԴ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի՝ գնդապետ Ջեֆրի Սթիմսոնը: Երեկ նա ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ԵՐԹ
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր պատրաստվում են Ազատության հրապարակից բողոքի երթով գնալ ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի մոտ: Ակցիան կազմակերպվել է ի պաշտպանություն հուլիսի 20-ին 2-6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 4 ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի: Երթը կմեկնարկի ժամը 17:00-ին:
ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղում երեկ 1-2 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին: Բելառուսից 2 գոլն էլ խփեց Ռենան Բարդինին, որից հետո բելառուս պաշտպան Վորխովցովը գրավեց սեփական դարպասը՝ հօգուտ հայերի: Իսկ Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ անգամ գոլ խփել: