ԲԱԺԱՆԻ՛Ր, ՈՐ ՏԻՐԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտում անեկդոտանման խոսք կա. «ՀՀՇ-ն ծնեց ԱԺՄ-ին, ԱԺՄ-ն ծնեց ՀԺԱՄ-ին (նաեւ՝ ԱԺԿ-ին, ԱԺԴ-ին), ՀԺԱՄ-ը ծնեց ԺԱԿ-ին… եւ այսպես շարունակ»:
Ընդհանրապես, Հայաստանում դժվար է գտնել մի կուսակցություն, որն իր գործունեության ընթացքում պառակտումների ենթարկված չլինի: Խոսքը, բնականաբար, «մարդ-կուսակցությունների» մասին չէ, որտեղ լավագույն դեպքում այդ «կուսակցության» նախագահն է՝ իր ընտանիքի անդամների հետ, (թեեւ պառակտված կուսակցությունների մեջ կան նաեւ այդպիսիք), այլ տվյալ դեպքում նկատի ունենք քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժերին, ընդ որում ե՛ւ իշխանական,  ե՛ւ ընդդիմադիր ճամբարներից, ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերից: Պառակտվել են ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը, ե՛ւ «Ժառանգություն»-ը, ե՛ւ ՀՀՇ-ն, ե՛ւ «Հանրապետություն»-ը, ե՛ւ ԱԻՄ-ը, ե՛ւ անգամ դեռ մի տարին չբոլորած «Ազատ դեմոկրատներ»-ը: Համեմատաբար լավ վիճակում է ԲՀԿ-ն, որտեղից երբ մարդիկ են հեռացել, ապա դուրս են եկել ոչ թե մեծ աղմուկով, միասնական թիմով, այլ համեմատաբար աննկատ: Թեեւ մյուս կողմից պետք է նկատենք, որ ԲՀԿ-ն քաղաքացիների մոտ ընկալվում է ոչ թե քաղաքական միավոր, այլ կառույց, որին անդամակցելով՝ կարելի է լուծել ֆինանսական տարբեր խնդիրներ՝ ուսանողների ուսման վարձը վճարելուց սկսած, վերջացրած բարեգործական անվճար ավտոբուսներով երթեւեկելը, ու բնական է, որ մարդիկ դժվարությամբ կհեռանան ֆինանսապես ձեռնտու այս կառույցից:
Կուսակցություններից յուրաքանչյուրի դեպքում պառակտման պատճառը եղել է տարբեր. մի դեպքում ոմանք համաձայն չեն եղել կուսակցության վարած քաղաքական գծի հետ, մեկ այլ դեպքում ամբիցիաները մարդկանց ստիպել են հեռանալ ու նոր կուսակցություն հիմնել, որտեղ իրենք կլինեն ղեկավարը: Սակայն պատմությունների պառակտման հարցում ամենամեծ դերն ունեցել են իշխանությունները, որոնք զանազան միջոցներով պարզապես տրոհել են քաղաքական միավորները: Ընդ որում այդ միտումը սկիզբ առավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից, երբ քիչ թե շատ կայացած քաղաքական միավորները կտոր-կտոր եղան, ու դա շարունակվում է մինչեւ հիմա: Արդյունքում՝ այսօր Հայաստանում ունենք 77 կուսակցություն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե կուսակցություններից յուրաքանչյուրը պառակտվել է առանձին պատճառով: «Այնպես որ, դժվար է այս ամենի մեջ ընդհանրություններ գտնելը»,-նշեց նա: Ինչ վերաբերում է իրենց կուսակցությանը, ապա, Զոհրաբյանի խոսքերով, նման խնդրի առաջ չեն կանգնել ներկուսակցական բարձր կարգապահության պատճառով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով այս թեմային, կարեւոր համարեց տարբերակել կուսակցությունից դուրս եկածներին ու հեռացվածներին: «Դրանք տարբեր խնդիրներ են, քանի որ կուսակցությունից դուրս են գալիս վարվող քաղաքականության կամ որեւէ այլ հարցի հանդեպ անհամաձայնության դեպքում: Իսկ կուսակցությունից հեռացվում են այն դեպքում, երբ խախտում են կանոնադրությունը»,-նշեց պարոն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ «քանի դեռ մեզ մոտ ներկուսակցական ժողովրդավարությունն այն աստիճանի չի զարգացել, որ հնարավոր լինի տարբեր կարծիքների գոյատեւումը, որ կուսակցության առաջնորդը, ինչպես «Ժառանգության» դեպքում, երբեմն կարող է հայտնվել փոքրամասնության մեջ, քանի դեռ կուսակցություններում, հատկապես ընդդիմադիր, ֆինանսական անկախ վիճակ չէ, քանի դեռ ընտրական պրոցեսները չեն ընթանում նորմալ, քանի դեռ կուսակցություններում չի զարգացել ֆրակցիոնիզմը, նմանատիպ դրսեւորումներ հնարավոր է լինեն: Որեւէ մեկը չի կարող ասել, որ այսօր Հայաստանում կայացած է քաղաքական համակարգը: Եթե չկա արդար մրցակցային դաշտ, բնականաբար, նման երեւույթներ կլինեն»: Ինչ վերաբերում է կուսակցությունների պառակտման հարցում իշխանությունների միջամտությանը, ապա ըստ Արմեն Մարտիրոսյանի, այս գործոնը որոշ դեր կատարում է: «Հատկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք նման դեպքեր շատ եղան, բայց ես չեմ կարծում, որ դա  մեծամասամբ իշխանությունների պլանավորած գործողությունների արդյունք էր: Այդ բաժանումները տեղի են ունեցել ընտրություններից անմիջապես հետո, այսինքն՝ այդ դեպքում իշխանությունների համար այլեւս կարեւոր չի եղել, թե այդ քաղաքական ուժն ինչ հետագիծ կունենա, կբաժանվի, թե ոչ: Եթե որեւէ միջամտության կարիք լիներ, ապա  սա պետք է արած լինեին ընտրություններից առաջ»,-ասաց նա:
Իսկ ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ գաղափարախոսության բացակայությունն է հիմնականում տարաբնույթ պառակտումների պատճառ դարձել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս